Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ, հայտնում են հանրային կապերի բաժնից:
Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն` 26,6 տոկոսով ավելացել է քննվող քրեական գործերի քանակը, 34,3 տոկոսով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը:
Ըստ կոռուպցիոն առավել տարածված առանձին հանցատեսակների՝ 2019թ.-ին նախորդող տարվա համեմատ արձանագրվել է հետևյալ քրեական շարժընթացը:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն-հարուցվել է 115 քրեական գործ, որը 2018թ. համեմատ պակաս է 20,6 տոկոսով: Սակայն վարույթում քննված քրեական գործերն ավելի են 14.5 տոկոսով: 15-ով կամ 300 տոկոսով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան, դատի է տրվել 29-ով կամ 223 տոկոսով ավել անձ (2018թ.-13 անձ, 2019թ.-42 անձ):
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում-հարուցվել է 377 քրեական գործ, կամ՝ 2018թ. համեմատ 1,5 տոկոսով պակաս:
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում- հարուցվել է 284 քրեական գործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7 տոկոսով ավելի:
Պաշտոնեական լիազորություններն անցնելը-հարուցվել է 97 քրեական գործ, կամ 2018թ. համեմատ 15,6 տոկոսով պակաս:
Կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը-այս հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրեական գործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով:
Պաշտոնեական կեղծիքը- հարուցվել է 114 քրեական գործ կամ 14 տոկոսով 2018թ. համեմատ ավելի: