Մատչելիության հղումներ

Տասնյակ ՀԿ-ներ, իրավապաշտպաններ հորդորում են չեղարկել քաղաքացիների անձնական տվյալները հասանելի դարձնող օրենքը


Մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ և անհատներ Կառավարությանը հորդորում են չեղարկել օրենքը, որով նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։ «Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա», - ահազանգում են նրանք։

Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ
Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

Այս կոչը նախաձեռնած իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է՝ կորոնավիրուսի տարածումը չեզոքացնելու լավագույն միջոցը յուրաքանչյուրին ամսական երկու անգամ թեստավորելն է։ «Դա հնարավորություն կտա իրական պատկերը համավարակի, էսպես ասած՝ քարտեզը, ըստ բնակչության, բացահայտել և էդ ուղղությամբ, արդեն դրանից հետո, դրա հիման վրա մեկուսացում իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Սաքունցը պնդում է, որ իշխանությունները պատշաճ ջանքեր չեն գործադրում սահմանափակումները կիրառելու համար. - «Ես նկատի ունեմ ոստիկանության կառույցները, ես նկատի ունեմ պատշաճ իրազեկումը՝ գուցե, չգիտեմ, պետք է լրացուցիչ իրազեկել, անընդհատ իրազեկել, անընդհատ բացատրել, որովհետև իմ համոզմամբ, և դա ոչ միայն, ցավոք սրտի, Հայաստանում, այլ նաև տարբեր երկրների փորձն է ցույց տալիս, նույնիսկ՝ զարգացած երկրների, որ դեռևս լիարժեք չի գիտակցվել, հանրային, մինչպետական շատ կառույցներում նկատի ունեմ աշխարհում, կորոնավիրուսի տարածման վտանգավորության աստիճանը»:

Արդյո՞ք հեռախոսազանգերի միջոցով վարակի բացահայտումը կարող է բերել այն արդյունքին, որին պետությունը չի հասնում տեղաշարժը սահմանափակելու միջոցով, հարց է բարձրացնում իրավապաշտպանը։ «Երբ որ էդտեղ դու դեռևս խնդիրներ ունես արդյունավետ կիրառման ապահովման հետ կապված, մեկուսացման, ապա հեռախոսային զանգերի արձանագրման միջոցով վիրուսակրի և նրա հետ կապված, կամ նրա հետ շփված, ենթադրյալ շփված անձանց տեղորոշման միջոցով արդյունքը նույնպես տեղափոխում է առաջին գործիքի դաշտը, թե բա՝ օքեյ, բացահայտեցիր, օքեյ, արձանագրեցիր, բայց էլի պետք է քայլեր կատարես ինքնամեկուսացման, չէ՞», - ընդգծեց Արթուր Սաքունցը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյան, արխիվ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյան, արխիվ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ արտակարգ դրության ավարտից մեկ ամիս անց պետք է տվյալները ոչնչացվեն։ Այս ամենը տեղին կլիներ, եթե զանգվածային թեստավորում անցկացվեր, պնդում է Դոյդոյանը։

Օրենքով պետական մարմիններին է փոխանցվելու մեկ այլ քաղաքացու զանգահարողի հեռախոսահամարը, գտնվելու վայրը, նույնը՝ զանգ ստացողի դեպքում։ Օրենքը, սակայն, արգելում է զանգերի և նամակների բովանդակությունը հավաքագրել և դրանք փոխանցել ինչպես պետական, այնպես էլ այլ մարմինների՝ դրա համար նախատեսվում է պատասխանատվություն։

Բուժաշխատողներն, իրենց հերթին, պարտավոր են պետական մարմիններին տրամադրել թեստավորված, վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած մարդկանց ընդհուպ բժշկական գաղտնիք պարունակող տվյալները։ Այս տվյալները կոչնչացվեն արտակարգ դրության ավարտից մեկ ամիս անց։

Դոյդոյանը մի շարք հարցեր է բարձրացնում, որոնք այս օրենքով պատասխան չունեն: Առաջինն այն է, որ օրենքում հստակեցված չէ պետական մարմինների ցանկը, որոնք պետք է հավաքագրեն այս տվյալները, Կառավարության որոշումն այս դեպքում երաշխիք չէ, ասաց նա:

«Կամ ո՞վ է լինելու: Այսինքն, կարող են հանգիստ լավ ընդարձակեն էդ պետական մարմինների ցանկը՝ առանց հանրային վերահսկողության», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը:

Շուշան Դոյդոյանը նաև չի տեսնում այդ տվյալների պատշաճ պահպանության մեխանիզմ, որպեսզի բացառվի դրանց տնօրինման իրավունք չունեցողների մուտքը այդ համակարգ։

«Օրենքը նրա համար է օրենք, և էս նման խիստ սահմանափակում առաջ բերող օրենքը, որ պետք է պարունակի հստակ, կոնկրետ տեխնիկական երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ, որոնք կբացառեն ցանկացած տիպի անօրինական օգտագործում տվյալների: Դա չենք տեսնում: Կա հռչակում, որ «մենք կերաշխավորենք», բայց ես էդ երաշխավորումը ուզում եմ առարկայական տեսնել օրենքում», - շեշտեց Դոյդոյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է մարդկանց համոզեր, որ հենց այս կերպ հնարավոր է կանխել վարակի հետ կապված վտանգները։ Փաստարկները համոզիչ չեն, ասում է նա:

«Նախ, ուղղակի չեն կարողանում համոզել, և երկրորդը՝ Հայաստանը բավական փոքր երկիր է, դրական արդյունքներ կարելի է գնահատել աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ, և՛ նախկինում, իմ կարծիքով, եղել են բացթողումներ, և՛ այսօր՝ էդ բացթողումներից հետո: Հայաստանի կարգի փոքր երկիրը կարող էր նաև առանց էդ օրենքի հասնել արդյունքի», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Միևնույն ժամանակ, Վարդան Հարությունյանը կարծում է, որ այս օրենքը ժամանակավոր է և արտակարգ դրությունից հետո այլևս չի գործի։

XS
SM
MD
LG