Մատչելիության հղումներ

Ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, շեշտում է Հայաստանի նախագահը


Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի համապետական ընտրությունների կապակցությամբ:

Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում անցկացված ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու, ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

«Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու: Արցախը և արցախցիները ևս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ և անկախ հայրենիք կառուցելու և զարգացնելու իրենց հաստատակամությունը», - հայտարարում է Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով և արդյունավետ գործունեություն մաղթելով բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք կձևավորեն Արցախի Ազգային ժողովը՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ կուսակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն։

«Շնորհավորում եմ նաև այն քաղաքական ուժերին, որոնք թեև չեն հաղթահարել ընտրական շեմը, սակայն վստահաբար կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն արտախորհրդարանական հարթակում: Միասնականությունը և համախմբվածությունը բոլորիս հաջողության գրավականն են լինելու առաջիկա տարիների ընթացքում», - նշում է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը շնորհավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին և Մասիս Մաիլյանին: «Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձևավորի առողջ քաղաքական և աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին», - ասված է ուղերձում:

Արմեն Սարգսյանը շնորհավորում է նաև նախագահական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանք նույնպես իրենց ողջ ներուժը և կարողությունները կներդնեն ի նպաստ Արցախի զարգացման:

«Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու և կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ձևավորվող Ազգային ժողովը և կառավարությունը կլծվեն երկրի մայր օրենքում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների իրագործման, երկրի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման դժվարին ու պատվաբեր գործին», - շեշտում է Հայաստանի նախագահը:

«Ներկայիս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մեր անելիքները շատ են: Վճռական և հաստատակամ ենք բոլորս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությունը: Անվտանգ, հզոր, կայուն և խաղաղ Արցախի ապագան մենք կապահովենք միասնական ու համատեղ ուժերով: Աստված պահապան Արցախին, Հայաստանին և ամբողջ հայությանը», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում:

XS
SM
MD
LG