Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցել է 47 հազարից, բուժվածներինը մոտենում է 200 հազարին


Ֆրանսիա - Փարիզի հիվանդանոցներից մեկում ջերմաչափում են իրականացնում, 1-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է մեկ միլիոնին, ավելի քան 47 հազար մարդ արդեն դարձել է համաճարակի զոհ, բուժվածների թիվը մոտենում է 200 հազարին:

Իտալիայում մահացությունը չի նվազում` վերջին օրվա ընթացքում մահացել է 727 մարդ, զոհերի ընդհանուր թիվն այս երկրում անցել է 13 հազարը:

Մեծ Բրիտանիայում գրանցվել է մահացության ռեկորդային աճ՝ վերջին մեկ օրվա ընթացքում 563 մարդ է մահացել: 1945 թվականից ի վեր առաջին անգամ Ուիմբլդոնի թենիսի մրցաշարը չեղարկվել է:

ԱՄՆ-ում երեք օրվա ընթացքում մահացությունը կրկնապատկվել է, ամենավատ իրավիճակը Նյու Յորքում է: Նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է կորոնավիրուսի շատ դեպքեր ունեցող շրջաններ ներքին թռիչքներն արգելելու մասին, սակայն անհանգստացած է նաև ավիաընկերությունների ճակատագրով:

ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Չինաստանը թաքցրել է համաճարակի իրական ծավալը, ինչի հետևանքով մասնագետներն ամբողջ աշխարհում չեն կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը:

Անցած օրվա ընթացքում Ֆրանսիայի հիվանդանոցներում գրանցվել է ևս 509 մահվան դեպք Covid-19-ից: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկսվելուց ի վեր: Մարտի 1-ից ի վեր Ֆրանսիայում ավելի քան 4 հազար մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, վարակի մոտ 57 հազար դեպք է հայտնաբերվել: Անցած օրվա ընթացքում գրեթե 5 հազար նոր դեպք է արձանագրվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել կարանտինի խախտման համար պատժամիջոցները խստացնելու մասին: Մարդկանց զանգվածային հիվանդացման կամ նման սպառնալիք ստեղծելու դեպքում օրինախախտները կարող են տուգանվել 500-700 հազար ռուբլու չափով կամ ազատազրկվել մինչև 2 տարի ժամկետով: Եթե առնվազն մեկ մարդ մահանա, տուգանքը կավելանա մինչև 2 միլիոն ռուբլի, իսկ ազատազրկման ժամկետը կլինի 3-5 տարի: Մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում նրանց, ում մեղքով 2 կամ ավելի մարդ կմահանա:

Ռուսաստանում միայն երեկ հայտնաբերվել է 440 նոր դեպք, ընդհանուր թիվը մոտ 2 հազար 800 է: Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 3 հիվանդ:

Պուտինն անցել է հեռավար աշխատանքի: Կառավարության հետ տեսախորհրդակցության ընթացքում նա խոստովանել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդանում է:

XS
SM
MD
LG