Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն այսօր ԱԳ նախարարների հեռավար գագաթնաժողով կանցկացնի


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Այսօր, առաջին անգամ իր գոյության 70 տարիների ընթացքում, Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ պետությունների արտգործնախարարների հեռավար գագաթնաժողով կանցկացնի: ՆԱՏՕ-ին մաս կազմող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց հետ կշփվեն հեռուստակամրջի միջոցով:

Գագաթնաժողովի կազմակերպման նման ձևաչափի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է և դրա պայմաններում սոցիալական տարածություն պահպանելու անհրաժեշտությունը:

Բնական է, որ համաժողովի օրակարգային գլխավոր թեման լինելու է հենց կորոնավիրուսի համաճարակը: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի առողջապահական ճգնաժամը չվերածվի անվտանգության ոլորտի ճգնաժամի», - երեկ Բրյուսելում կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ի դեպ, այս ասուլիսը ևս հեռավար էր` Ստոլտենբերգը հանդես էր գալիս դատարկ դահլիճում, իսկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հավատարմագրված լրագրողները նրան հարցեր էին ուղղում իրենց բնակարաններից: Ասուլիսի մասնակիցներից էր նաև վրացական «Իմեդի» հեռուստաընկերության թղթակցուհին, որը փորձում էր պարզել՝ արդյո՞ք այսօրվա համաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի պետությունները քննարկելու են նաև Վրաստանի հետ համագործակցության թեման: Ստոլտենբերգի խոսքով՝ այսօր ինքն առաջարկելու է թարմացնել Վրաստանի, ինչպես նաև Ուկրաինայի հետ նախորդ տարի հաստատված համագործակցության փաթեթը:

«Այն փաթեթը, որ ես ակնկալում եմ՝ կհաստատվի նախարարների կողմից, նախատեսում է հավելյալ միջոցների գործադրում, Վրաստանին և Ուկրաինային հավելյալ օժանդակության տրամադրում: Դա վերաբերում է նախևառաջ համատեղ զորավարժությունների ու ծրագրերի անցկացմանը: Դրանց թվում է լինելու նաև Սև ծովում համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ վարժանքները ՆԱՏՕ-ի համար ռազմավարական կարևորություն ունեն», - հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը` նշելով նաև, որ իր ղեկավարած կառույցը նախատեսում է կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ քննարկումներ ծավալել Թբիլիսիի և Կիևի հետ:

Ի դեպ, չի բացառվում, որ այսօրվա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամները քննարկեն նաև կորոնավիրուսի համաճարակի շուրջ տարածվող ապատեղեկատվությանը հակադարձելու հարցը: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում վստահ են, որ ապատեղեկատվական այդ արշավների գլխավոր նպատակը դաշնակիցների միջև սեպ խրելն է, իսկ դրանց հիմնական աղբյուրներից մեկը Ռուսաստանն է:

«Ես չեմ կարծում, որ քարոզչությանը հակադարձելու լավագույն ձևը քարոզչությունն է: Ըստ իս, լավագույն պատասխանը քարոզչությանը` փաստերն են ու ճշմարտությունը: ՆԱՏՕ-ն շարունակելու է փաստական տվյալներ տրամադրել իր քայլերի մասին», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG