Մատչելիության հղումներ

Մինչև ապրիլի 12-ը չեն աշխատի մետրոն և հանրային տրանսպորտը. քաղաքացիները դժգոհ են պարետի որոշումից


Պարետը արտակարգ դրության ռեժիմն է՛լ ավելի է խստացրել, մինչև ապրիլի 12-ը չեն աշխատի մետրոն և հանրային տրանսպորտը։ Քաղաքացիների տեղաշարժը թույլատրվում է միայն մեքենաներով և տաքսիներով։

«Ժողովուրդը ո՞նց պիտի գնա աշխատանքի, ովքեր աշխատում են»,- ասում է քաղաքացիներից մեկը. - «Աշխատանքի տեղից գնում եմ տուն: Տաքսու տարբերակը գումար պիտի ունենաս, որ գնաս»:

«Ես աշխատանքից էի գալիս, պետք է դստրիկս գնար աշխատանքի, փակ է, տեսնեմ` ոնց ա գնալու աշխատանքի»,- պատմում է կանանցից մեկը:

Տաքսին թոշակառուների և ցածր աշխատավարձ ստացողների համար այլընտրանք չէ։ Մնում է սեփական ոտքերին ապավինելը, դժգոհում են մետրոյի փակ դռների մոտ մոլորված թոշակառուները.- «Ոտքով պիտի գնամ Կոմիտաս: Էնտեղ աշխատում եմ, պահակ եմ, տաքսիի փող որտեղի՞ց, ի՞նչ եմ աշխատում, որ տաքսիով գնամ»:

Մեկ այլ քաղաքացի էլ ասում է` Աջափնյակ համայնքում է բնակվում: Հարցին` ոտքո՞վ է այնտեղ հասնելու, պատասխանում է.- «Հա, ի՞նչ անեմ, տաքսու տարբերակը գումար պիտի ունենաս, որ գնաս: Միանգամից ժողովրդին կոտորեն, պրծնեն էլի»:

Մյուսն էլ նշում է.- «Տաքսիով չեմ գնալու, ոտով կգնամ մինչև Առաջին հիվանդանոց»:

Արտակարգ դրությունը ոչ բոլոր ձեռնարկությունների դռներն է փակել։ Տնից աշխատելու ռեժիմը մի շարք հաստատություններում հնարավոր չէ` խանութներում, բուժհիմնարկներում, սննդի արտադրամասերում: Ի՞նչ անեն սովորականի պես աշխատանքի շտապողները, աշխատավարձը եթե տաքսու համար ծախսեն, ինչպե՞ս ապրեն:

«Բա մարդիկ հիմա օրական հո տաքսով աշխատանքի չեն էթա, ի՞նչ են ստանում, որ ասենք մի հատ էլ օրական տաքսու փող տան, գնան գործի, հետ գան»,- նշում է քաղաքացիներից մեկը: Մյուսը` հավելում.- «Իմ կարծիքով` մի քիչ բարդություններ է առաջացնում, ուղղակի մարդիկ կան, որ գումար չունեն, պետք է հանրային տրանսպորտից կամ մետրոյից օգտվեն, օրինակ` ինձ համար հենց հիմա դժվարություն առաջացրեց»:

Ասում են` հանրային տրանսպորտը կարող էր աշխատել խիստ վերահսկողությամբ, ինչպես համաճարակի գերին դարձած աշխարհի շատ երկրներում է.- «Իհարկե, այս ամբողջ միջոցառումները, անձնական անվտանգության կանոնները պաշտպանելով հանդերձ պիտի աշխատեր»:

«Գոնե աշխատող մարդիկ պիտի օգտվեն հանրային տրանսպորտից, փաստաթղթերով, փաստաթղթերը թող ցույց տան, ջերմաչափում անցնեն ու օգտվեն տրանսպորտից: Ինձ թվում է` նորմալ է»,- կարծում է բուժաշխատողներից մեկը:

Արգելվում է հանրային տրանսպորտի և մետրոյի աշխատանքը, բայց վերացել է տաքսիների և մեքենաների տեղաշարժին վերաբերող խիստ սահմանափակումը։ Այսուհետ թույլատրվում է թեթև մարդատար մեքենայով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման: Մինչ այս փոփոխությունը թույլատրվում էր միայն երկու ուղևոր, վարորդը ներառյալ։

Հանրային տրանսպորտի չաշխատելը տաքսու վարորդներին էլ չի ոգևորել. մշտական ուղևորները տանը փակված են, իսկ մետրոն ու ավտոբուսը տաքսիով փոխարինածները փող չունեն: Վարորդներն ասում են՝ մարդկանց տեղ են հասցնում նրանց գրպանին հարմարվելով։

Նրանցից մեկն ասում է` այսօր 2 ուղևոր է փոխադրել.- «Էտ էլ խոսում են` փող չունենք, 400 դրամով, 300 դրամով տանում ենք»:

Մյուս վարորդը նշում է.- «Չկար, ստիպված ով ինչքան ուներ, տարել եմ մարդկանց, ասել եմ` խնդիր չկա: Ինքը բացում է, ասում է` այսքան գումար ունեմ, ինձ կտանե՞ք, ես էլ ասում եմ` խնդիր չկա»:

Քաղաքացիներից մյուսն էլ նկատում է.- «Ժողովրդի ձեռը գումար չկա, գումար, ախր սենց չի կարա շարունակվի, ասում են` մտեք տունը ու փակվեք, նրանք գործ չունեն, ոչ էլ կարգին վարձատրում են»:

Ոտքով, թե տաքսիով, վաղվանից աշխատանքի գնալիս պետք է ունենալ գործատուի կողմից լրացված ձևաթուղթ: Սա էլ է պարետի նոր պահանջներից:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանափակվել է բնակչության տեղաշարժը` մարզից մարզ, ինչպես նաև Երևանից մարզեր: Մարդկանց ու տրանսպորտային շարժը Երևանի տարբեր վայրերումտեղադրված անցակետերում կվերահսկեն ուժային կառույցները:

XS
SM
MD
LG