Մատչելիության հղումներ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 դեպք. Առողջապահության նախարարություն


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.

«Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք», - այսօր Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը:

«Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է», - ասված է Ալինա Նիկողոսյանի գրառման մեջ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության արտահերթ նիստի ժամանակ մանրամասներ փոխանցեց նոր դեպքերի վերաբերյալ. - «58 դեպքերից 25 հոգին ի սկզբանե եղել են կարանտինում մեր հատուկ պահման վայրերում, այսինքն՝ շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, և դա համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է: 31 հոգին, որոնց մեջ նաև կան բուժաշխատող, <...> նորից էնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն 2-ն են, որ նոր, բերովի դեպք են արտերկրից, որոնց շփման շրջանակը հիմա պարզվում է»:

Այդպիսով, կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասավ 482-ի, փաստացի բուժում է ստանում 449-ը. վարակակիրներից 30-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Դրական ախտորոշմամբ պացիենտների վիճակի մասին նախարարը հայտնեց. - «Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր: Սակայն կարող եմ ասել, որ, չեմ ուզում, իհարկե, առաջ ընկնել դեպքերից, բայց ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, այսինքն՝ բարելավում ունենք, հնարավոր է՝ ինտուբացիան դադարեցնենք, այսինքն՝ այդ ահեստական օդափոխության սարքը անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը: Եվ ևս 2 ծանր, որոնք մենք գնահատում էինք, որ հնարավոր է՝ դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակի կապակցությամբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել է մեկամսյա արտակարգ դրություն, մարտի 24-ից ժամանակավորապես խստացվել են անձանց տեղաշարժի և մյուս սահմանափակումները:

XS
SM
MD
LG