Մատչելիության հղումներ

Պուտինը Ռուսաստանի տարեց քաղաքացիներին տանը մնալու կոչ է արել


Մի քանի օրվա լռությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին: Պուտինը նախ հանձնարարեց ստուգել թոքերի արհեստական շնչառության սարքերի քանակն ու վիճակը ՌԴ տարբեր մարզերում և դիմեց տարեց ռուսաստանցիներին տանը մնալու կոչով:

«Պետք է ուղիղ ասել, եթե ուզում եք պահպանել ձեր առողջությունն ու կյանքը, մնացեք տանը», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Երկրի նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունների կարանտին հայտարարելու մասին որոշումը արդարացված է և անհրաժեշտ:

Պուտինն այսօր էլ չհայտարարեց արտակարգ դրություն ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Մոսկվայում:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 302 նոր դեպք է գրանցվել: Երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1836: Ռուսաստանում վիրուսից մահացել է ընդհանուր՝ 11 մարդ, սակայն, այս տվյալները ճշտվում են: Սրանք կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի այսօրվա տվյալներն են: Նոր վարակվածների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ վերջին օրում 212 դեպք: Ռուսաստանի մայրաքաղաքում մինչ այսօր վարակման 1200-ից ավելի դեպք է արձանագրված:

Սերգեյ Սոբյանինը Մոսկվայում փաստացի կարանտին է հայտարարել

Երեկ երեկոյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը անսպասելիորեն Մոսկվայում փաստացի կարանտին հայտարարեց: Երկուշաբթի օրվանից կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայրաքաղաքում և Մերձմոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել բոլոր քաղաքացիների համար՝ անկախ տարիքից:

Մոսկվայի քաղաքապետի հրամանագրի համաձայն, բնակարանից այսօրվանից կարելի է դուրս գալ միայն բժշկական օգնության դիմելու և կյանքին ու առողջությանը սպառնացող այլ անմիջական վտանգի դեպքում, ինչպես նաև մոտական մթերային խանութ կամ դեղատուն գնալու համար, շների հետ կարելի է զբոսնել շենքից 100 մետրից ոչ հեռու:

Կիրակի երեկոյան մերձմոսկովյան մի շարք բնակավայրերում ոստիկանական մեքենաները ահազանգում էին պարետային ժամի մասին. «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ երեկոյան 8-ից մինչև առավոտյան 8-ը Մոսկվայի մարզում հայտարարված է պարետային ժամ»:

Հետո ոստիկանությունը հայտարարեց, թե սա ապօրինի հայտարարություն էր:

Մի շարք պատգամավորներ պնդում են՝ Սոբյանինի ձեռնարկած քայլերն անօրինական են

Երեկ ռուսաստանցի մի շարք պատգամավորներ իրենց հերթին հայտարարեցին, թե Սոբյանինի ձեռնարկած քայլերն անօրինական են, չի կարելի սահմանափակել ազատ տեղաշարժի իրավունքը, քանի դեռ երկրում կամ քաղաքում չի հայտարարվել արտակարգ դրություն:

Քաղաքագետ Եկատերինա Շուլմանն ասում է, թե տանը մնալու կոչերը գործնականում չեն գործի, քանի դեռ չկա տուգանք՝ Սոբյանինի հայտարարած արգելքները խախտելու համար:

«Իրականում, եթե ոստիկանը ձեզ կանգնեցնի, որևէ տուգանք չի կարող ներկայացնել, չի կարող ձեզ բերման ենթարկել, քանի դեռ երկրում չի հայտարարված արտակարգ դրություն: Արտակարգ դրություն էլ չկա, քանի որ Ռուսաստանի նախագահն իր սեփական վարկանիշը չտապալելու համար արտակարգ դրություն չի հայտարարում և չի ուզում հայտարարել, այլ հայտարարում է ոչ աշխատանքային շաբաթ: Դրա համար էլ անհասկանալի խառնաշփոթ է թե՛ Մոսկվայում և թե՛ շրջաններում», - ասել է քաղաքագետը:

Հավելենք՝ մոսկվացիների տեղաշարժը վերահսկվում է տեսախցիկների միջոցով, իսկ տնից դուրս գալու համար անհրաժեշտ է հատուկ անցաթուղթ, որն իշխանությունները նախատեսում են շրջանառության մեջ դնել QR կոդերի միջոցով՝ Մոսկվայի քաղաքապետարանի էլեկտրոնային հավելվածի միջոցով: Ինչպես է դա լինելու գործնականում, դեռ պարզ չէ:

Այսօր Մոսկվայի կենտրոնն ու մետրոն գրեթե դատարկ էին, դուցե նաև այն պատճառով, որ այսօր եղանակը կտրուկ ցրտել է: Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը մնացել են տանը:

Քաղաքային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն աշխատում են առանց սահմանափակումների: Բաց են նաև մայրաքաղաքը Մոսկվայի մարզի հետ կապող բոլոր մայրուղիները:

XS
SM
MD
LG