Մատչելիության հղումներ

Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի նախագահը


Պատրիկ Դևեջյան, 2011թ.

Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ ֆրանսահայ ականավոր գործչի ընտանիքին ցավակցական ուղերձներ են հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառն իր ցավակցագրում անդրադարձ է կատարել Պատրիկ Դևեջյանի երկարամյա բեղուն գործունեությանը և մեծ ներդրմանը Ֆրանսիայի պետական-քաղաքական և հասարակական կյանքի զարգացման, ֆրանսահայ համայնքի առաջընթացի, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում՝ մասնավորապես կարևորելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նրա եռանդագին ջանքերը:

«Մենք ջերմությամբ ենք հիշում Ֆրանսիայի Հայոց թեմ Հովվապետական մեր այցելությունների ժամանակ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգելույս Պատրիկ Դևեջյանի հետ մեր հանդիպումները, որոնց ընթացքում Մենք մշտապես զգացել ենք նրա ազգասեր ու եկեղեցանվեր ոգին, մեր ժողովրդին և մեր Սուրբ Եկեղեցուն օգտակարություն ու սատարում բերելու նախանձախնդրությունը: Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու», - մասնավորապես ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցագրում:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանի ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. - «Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։ Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը: Պատրիկ Դևեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար»:

Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի կառավարության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը վախճանվել է մարտի լույս 29-ի գիշերը, 75 տարեկանում: Նա չորեքշաբթի օրվանից հոսպիտալացված էր կորոնավիրուսով ախտորոշմամբ:

Ֆրանսահայ ականավոր գործչի մահվան կապակցությամբ երեկ ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր», - իր ուղերձում մասնավորապես գրել է Հայաստանի վարչապետը:

«Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին», - շեշտել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG