Մատչելիության հղումներ

Պատրիկ Դևեջյանի մահը հսկայական կորուստ է. Արա Թորանյան


Պատրիկ Դևեջյանը
Պատրիկ Դևեջյանը

75 տարեկան հասակում այս գիշեր վախճանվել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դե Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Կորոնավիրուսով ախտորոշմամբ նա չորեքշաբթի օրվանից հոսպիտալացված է եղել:

Թվիթերյան իր էջում Պատրիկ Դևեջյանը հայտնել էր իր հիվանդության մասին` նշելով, որ վտանգը անցել է, և որ ինքը ապաքինվում է:

Լրատվամիջոցներն այսօր լայնորեն արձագանքում են նրա մահվանը` դա որակելով «հսկայական կորուստ ողջ Ֆրանսիայի համար»: Քաղաքական գործիչները` նախկին, թե գործող մեծ ցավով են արտահայտվում ֆրանսահայ քաղաքական գործչի մահվան մասին: Իրենց ուղերձներում Ֆրանսուա Օլանդից մինչև Նիկոլա Սարկոզին և այլք Պատրիկ Դևեջյանին ներկայացնում են որպես «փայլուն անհատականություն` հանձնառու, սկզբունքային, քաջարի, զարգացած, իրապես իրույն Ֆրանսիայի քաղաքական կյանքում»:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց. - «Պատրիկ Դևեջյանի մահը հսկայական կորուստ է, որի առաջացրած հուզումը համակել է ծագումով հայ բոլոր քաղաքացիներին: Ես այդ մասին ստանում եմ ուղերձներ, թվիթներ: Շառլ Ազնավուրի մահվանից մեկուկես տարի հետո մենք կորցրինք մեր համայնքի երկրորդ հիմնական սյուներից մեկը»:

Քաղաքական գործիչը Հայ դատի պաշտպանությանը միտված գործունեություն էր ծավալում տասնամյակներ շարունակ: Նա 70-ականներին հանդես է եկել հայ ազատամարտիկների պաշտպանությամբ, և դա մի ժամանակաշրջանում, երբ նա Ժակ Շիրակի և նրա ղեկավարած կուսակցության փաստաբանն էր:

«Պատրիկ Դևեջյանը կարողացել է միշտ զուգակցել հանրապետության հանդեպ ունեցած իր պարտավորությունները Հայ դատի պաշտպանության հետ: Նա միշտ պայքարել է այդ գաղափարների պաշտպանությանը մասնակցել տալու համար Ֆրանսիայի վարած քաղաքականությունը: Այդպես է, որ խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1998թ. մի նիստի վերջում իր արտասանած արտակարգ ելույթից հետո, որը դեռ շատերիս հիշողության մեջ է, և այդ պատճառով է, որ 3 տարի անց նախագահ Ժակ Շիրակը վավերացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը», - բացատրում է Արա Թորանյանը և հավելում. - «Մենք շատ բան ենք պատկան Պատրիկ Դևեջյանին, այդ թվում` Հայաստանի, Արցախի հետ Ֆրանսիայի իշխանությունների մերձեցումը հայկական համայնքին նկատի առնելու առումով նաև: Նա այն բացառիկ քաղաքական գործիչներից էր, որն ուներ ապագայի տեսլականը»:

Արա Թորանյանը շեշտեց, որ նա խորապես աշխատում էր Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այդ հարցում միասին են աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG