Ուկրաինայի խորհրդարանն այսօր մեկնարկող արտահերթ նիստի ընթացքում քննարկելու է կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր միջոցառումների փաթեթը, ինչպես նաև կառավարության կազմում կադրային փոփոխություններ կատարելու հարցը: Խոսքը, մասնավորաբար, առողջապահության և ֆինանսների նոր նախարարներ նշանակելու մասին է: Բացի այդ, խորհրդարանականները քննարկելու են տնտեսական հակաճգնաժամային փաթեթի ընդունման հարցը, ինչը թույլ կտա երկրին Արժույթի միջազգային հիմնադրամից շուրջ 8 միլիարդ դոլարի օգնություն ստանալ:
«Անցնող շաբաթ նախագահի աշխատակազմը և կառավարությունն արեցին իրենցից կախված ամեն ինչ՝ Ուկրաինայի համար ապահովելու միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությունը: Գործադիր իշխանությունն իր քայլն արել է: Այժմ հերթը պատգամավորներինն է: Ուկրաինայի ժողովուրդը հստակորեն կտեսնի` արդյո՞ք դուք պատրաստ եք պաշտպանել իր շահերը», - կիրակի երեկոյան հեռարձակված ուղերձում դիմելով խորհրդարանի անդամներին՝ հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: