«Ազատությունը» երեկ ահազանգ ստացավ, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկում` Կառլեն Եսայանի անունը կրող բուժհաստատության աշխատակիցներին դիմակներ չեն տալիս:
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող կլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը չհերքեց, որ դիմակների խնդիր ունեն, շատ քիչ քանակությամբ են կարողանում ձեռք բերել, օրը մի քանի անգամ դրանք փոխում են: Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի օրերին դիմակ գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ, անգամ եթե դեղատներն ստանում են, դրանք սպառվում են մեծ արագությամբ:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը վստահեցնում է` իրենք պարբերաբար դիմակներ, ձեռնոցներ և այլ պաշտպանիչ միջոցներ են մատակարարում պոլիկլինիկաներ. - «Վերջերս էլի 40 հազարի կարգի դիմակներ է մատակարարվել պոլիկլինիկա: Հասկանալի է, որ դրանք շատ արագ սպառվում են` կապված անձնակազմի մեծությունից»:
Կարապետյանի խոսքով` բուժհաստատությունների տնօրինություններն էլ են այս օրերին դիմակներ գնում իրենց միջոցներով. - «Պանդեմիայի տարածման ընթացքում ոչ միայն Երևանում, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա»:
Նա ընդգծում է` տեղյակ են, որ քայլեր են ձեռնարկվում հայկական արտադրության դիմակներ ունենալու:
Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում դիմակների մասին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի` կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ռազմավարության վերաբերյալ հարցին:
«Դուք գիտե՞ք` աշխարհի ինչ երկրներում այսօր դիմակ չկա, հիվանդանոցներում ամենաթոփ մակարդակի դիմակը բժիշկները տանում են, տանը լվանում, բալկոնից գիշերը կախում, որ առավոտ նորից օգտագործեն: Ես երկրների անունները չտամ, բայց դրանք աշխարհի ամեն ինչով առաջատար երկրներն են: Դուք այսօր հարց եք տալիս թոքերի ու օդափոխման, մտեք մամուլը, նայեք, փողոցում ծառերի տակ հիվանդների մահճակալներ են դրված, և սիստեմաներ են միացված փողոցում` ծառերի տակ», - ասաց նա:
Վարչապետը 25 օր առաջ ֆեյսբուքյան իր էջում բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել` գրելով. «Արտադրված է Հայաստանում»: