Չինական մեծ պատը այցելուների համար մասամբ վերաբացվել է: Այն կորոնավիրուսի պատճառով երկու ամիս փակ էր: Երեկվանից պատի Բադալին կոչվող հատվածը բաց է առավոտյան ժամը 9-ից մինչև ցերեկվա 4-ը:
Առողջապահական անվտանգությունը ապահովելու համար միջոցներ են մշակվել, մասնավորապես՝ այցելուները տոմսերը գնում են առցանց, գրանցում իրենց անձնական տվյալները՝ առողջապահական կոդ ստանալու համար, մուտքի մոտ ստուգվում է նրանց ջերմությունը:
Պատի վրայով տուրը կազմակերպվել է մի ուղղությամբ, որպեսզի հանդիպակաց մարդիկ չլինեն, կուտակումներ չառաջանան: Օրական կարող են այցելել ավելի քան 19 հազար մարդ: Գալիք ուրբաթ նախատեսվում է վերաբացել Պեկինի տեսարժան վայրերից ևս մի քանիսը:
Կորոնավիրուսի օջախ Չինաստանում ավելի քան 81 հազար դեպք է գրանցվել, 3 հազար 200-ից ավելի մարդ է մահացել: Վերջին օրերին նոր դեպքերի քանակը էապես նվազել է, հանվում են մարդկանց տեղաշարժի և այլ սահմանափակումներ:
Չինաստանը աստիճանաբար վերադառնում է նորմալ կյանքի: