Երևանի Դալմայի այգում, ինչպես ցույց է տվել նախաքննությունը, առկա են եղել պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձանի կարգավիճակին արժանի և հետագայում նաև այդպիսի կարգավիճակ ստացած օբյեկտներ, այդ թվում` գինու հնձաններ, հայտնում են դատախազությունից:
Վերջիններս վերը նշված տարածքում հողի նպատակային նշանակությունը փոխելու, վարձակալության հանձնելու, շինթույլտվություններ տալու գործընթացում չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ ոչ պատշաճ դիտարկման արդյունքում կամ թեև հայտնաբերվել են, սակայն քանի որ ընդգրկված չեն եղել պատմամշակութային հուշարձանների ցուցակում, արձանագրվել է, որ տարածքում հուշարձաններ չկան: Հայտնաբերված այդ օբյեկտների պատմամշակութային հնարավոր արժեքն անտեսվել է, դրանք ուսումնասիրելու, համապատասխան կարգավիճակ տալու, շինթույլտվություններ չտալու կամ այլ կերպ տալու հարց չի բարձրացվել:
Արդյունքում, դատախազության փոխանցմամբ, լիազորված մարմնի կողմից պատմամշակութային արժեք ունեցող անշարժ հուշարձանները ժամանակին չբացահայտելու պատճառով, կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել է գինու հնձանը, որն ակնհայտորեն կարող էր հանդիսանալ նույն տեղանքում հայտնաբերված նմանատիպ և հետագայում պատմամշակութային հուշարձան ճանաչված տեղական նշանակության հուշարձաններից մեկը:
Ելնելով վերոգրյալից Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնոդրագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ուսումնասիրությունների միջոցով պարզելու իրենց պարտականությունները կատարելիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը և քննարկելու վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը: