Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար ծավալել:
Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը մտքեր են փոխանակել նաև հայ-կատարական երկկողմ հարաբերությունների, և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների վերաբերյալ: