Մատչելիության հղումներ

Իսրայելի Քնեսեթի արտահերթ ընտրությունները բացառիկ էին մի քանի պատճառով


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը, արխիվ

Երեկ Իսրայելում կայացան 23-րդ գումարման Քնեսեթի երրորդ արտահերթ ընտրությունները, որոնք բացառիկ էին մի քանի պատճառով:

Չնայած երկրում գրանցվել է կորոնավիրուսով ախտորոշված 12 հիվանդ, ու ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ 5 հազար 630 մարդ գտնվում է կարանտինի մեջ, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 71 տոկոսը մասնակցել են ընտրություններին, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող 6 միլիոն 453 հազար 225 քաղաքացիներից քվեարկել են 4 միլիոն 579 հազար 931-ը:

Հատուկ կարանտինի մեջ գտնվող 5 հազար 630 հիվանդների համար վրաններում 16 ընտրատեղամաս էին բացել: Այս քաղաքացիներն ընտրելու իրավունք ունեին առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ը, և նրանցից 4 հազար 76-ը կամ 72 տոկոսը կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Այս հատուկ ընտրատեղամասերը վրաններ էին, որոնք տեղակայված էին բաց տարածքներում, հատուկ մեկուսացված էին, ու այստեղ պահպանված էին հակահամաճարակային անվտանգության բոլոր միջոցները:

Խուճապ ընտրատեղամասերում չկար, և այս ընտրություններին ավելի շատ մարդ մասնակցեց, քան 2019 թվականի երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Նախնական տվյալներով՝ ընտրություններում հաղթանակ է տանում աջ ճամբարը: Կառավարող «Լիքուդ» կուսակցությունը՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, ըստ իսրայելական մի քանի հեռուստատեսությունների անցկացրած «էքզիթ փոլերի», ստացել է 37 մանդատ:

Նեթանյահուն գիշերը ելույթ ունեցավ իր նախընտրական շտաբում՝ շնորհավորելով կուսակիցներին և աջակիցներին հաղթանակի առթիվ:

«Մեզ՝ «Լիքուդ»-ի համար սա մեծ հաղթանակ էր, ու ես մտադիր եմ լինել Իսրայելի առանց բացառության բոլոր քաղաքացիների վարչապետը՝ նրանց, ովքեր հրեաներ են կամ հրեաներ չեն, տվել են իրենց ձայները աջերին կամ ձախերին», - հայտարարեց վարչապետը:

«Կախոլ Լավան» դաշինքը ստացել է, ըստ նախնական տվյալների, 120 մանդատներից 34-ը, ու ընդդիմադիրների առաջնորդ Բենի Գանցը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը:

Ձախակողմյան «Ավոդա-Գեշեր-Մերեց» դաշինքը, որի օգտին քվեարկել են հայերը, ստացել է 7 մանդատ:

Ըստ օրենքի՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո երկրի նախագահը պետք է որոշում կայացնի, թե որ խորհրդարանական ուժին է հանձնարարելու խորհրդարան ձևավորել:

XS
SM
MD
LG