Մատչելիության հղումներ

Ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք կա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. նախարար


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներից «այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, որոնցից, սակայն, ընդամենը 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա, և նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», - հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գիշերը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը:

«Սակայն կրկին՝ որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում, ռեանիմատոլոգները շարունակում են հսկողություն իրականացնել 24-ժամյա ռեժիմով ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ, իսկ մյուս բժիշկները արդեն սովորական պացիենտների՝ որևէ ծանր խնդիր չունեցող պացիենտների նկատմամբ», - ասաց նախարարը:

Թորոսյանը հայտնեց՝ «քանի որ հաստատված դեպքերի աճ ունենք, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չի այլևս, որտեղ որ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա»: «Մենք ունենք արդեն ծավալված շուրջ 5 բուժհաստատություն, ևս 2-ում մարզային կան հատուկենտ թվով, ավելի քիչ թվով պացիենտներ», - փոխանցեց նախարարը՝ հավելելով. - «Այլ հիվանդանոցներ գնում են գրեթե ասիմպտոմ դեպքերը, պացիենտները, երբ որ որևէ սիմպտոմ չունեն, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»:

Ավելի վաղ Առողջապահության նախարարության խոսնակն «Ազատությանը» հայտնել էր, որ վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի հիվանդության 136 դեպք, մեկ մարդ ապաքինվել է:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG