Մատչելիության հղումներ

Էջմիածինցի կնոջ ազգականը հաղորդում է ներկայացրել դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը

Նոր կորոնավիրուսով վարակված էջմիածինցի հայտնի կնոջ ազգականը դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց իր համաձայնության լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։

Դատախազությունը հաղորդումն ուղարկել է ոստիկանություն` ուսումնասիրության:

Իշխանություններն այդ կնոջ անունը չեն բացահայտել, այդուհանդերձ, երբ հայտնի դարձավ, որ Իտալիայից ժամանած կինը մասնակցել է նշանադրության արարողության, համացանցում սկսեցին մասսայաբար վիրավորել և ծաղրել նրան, սոցցանցերում անգամ հայտնվեց նրա լուսանկարը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց ​դադարեցնել կնոջ ուղղված վիրավորանքները և նրա արժանապատվություն նսեմացնող քննարկումները:

Կնոջ շահերի ներկայացնող փաստաբան Գոհար Հովհաննիսյանի փոխանցմամբ, էջմիածինցի կնոջ զարմիկը հաղորդումը ներկայացրել է արտերկրից, քանի որ իր մորաքրոջ դստեր նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարվել:

Փաստաբանը վստահություն հայտնեց, որ դատախազությունն ու ոստիկանությունը անաչառ կգտնվեն, հանցագործները կպատժվեն:

Հովհաննիսյանի խոսքով, կորոնավիրուսով վարակված կնոջ լուսանկարը հրապարակվել է ինչպես իրական, այնպես էլ կեղծ էջերում. – «Սա մարդու հոգեկան վիճակի վրա էլ է ազդում: Պատկերացնո՞ւմ եք, մարդը հիվանդացել է, ու նրա մասին ինչ արտահայտություններ են անում, անձնական տվյալներ են հրապարակում»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է, որ անձնական տվյալների պաշտպանությունն ամրագրված է օրենքով, այնինչ այս դեպքում բացահայտվեցին տվյալներ, որոնք հնարավորություն տվեցին նույնականացնել անձին. – «Ավելին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով ամրագրված է, որ արգելվում է ընդհանրապես մարդու վերաբերյալ բժշկական գաղտնիքներ, նրա հետազոտությունների վերաբերյալ, նրա բուժման ընթացքի վերաբերյալ հանրայնորեն խոսելը և տվյալներ տրամադրելը երրորդ անձի: Դա միայն կարող է դատախազությունը անել, կարող են դատարանները անել, այսինքն` օրենքով ամրագրված մարմինները»:

Հովհաննիսյանի խոսքով, այդ մարդի ի վերջո վերադառնալու են հասարակություն, Նրանց մասին տվյալների տարածումը և նրանց թիրախավորումը շարունակվելու է: Նա հորդորում է զգույշ լինել. – «Հատկապես, որ խոսքը գնում է հիվանդության մասին: Մենք առնչվել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքերի հետ. հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց տվյալների բացահայտման տեսանկյունից, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տվյալների բացահայտման տեսանկյունից: Որովհետև կյանքը շարունակվելու է ի վերջո այս համաճարակից հետո, մենք շատ զգույշտ պետք է լինենք մեր հասարակության ներսում առաջացող այսպիսի օջախների վերաբերյալ»:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման մյուս օջախը Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող մի արտադրամաս է, որի անունը իշխանությունները չեն բացահայտում:

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով, որքան քիչ հրապարակվեն նույնականացնող տվյալներ, այնքան լավ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը կարևորում է մարդկանց գիտակցությունն այն մասին, որ անձնական տվյալները չպետք է անհարկի հավաքվեն ու հրապարակվեն. – «Մյուս կողմից, շատ կարևորում եմ պետական լիազոր մարմնի արագ միջամտությունը բոլոր այն դեպքերում, երբ տեղի ունենում արտաքին միջամտություն»:

Դոյդոյանի գնահատմամբ, իշխանությունները վարակակիրների, մեկուսացվածների մասին տվյալներ հրապարակելիս բալանսավորված են գործում, ուղղակի կամ անուղղակի նույնականացման տվյալներ չեն հայտնում:

Իսկ պետական լիազոր մարմինը` Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոնկրետ անձի անձնական տվյալների մշակման վերաբերյալ վարույթ է ընդունում միայն այն դեպքում, երբ դիմում կա: Գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ընդգծում է, որ անձն ինքն է որոշում` իր տվյալների մշակման հետ համաձա՞յն է, թե՞ ոչ. – «Եվ եթե համաձայն չէ, որ բողոքի,իԻնչ կարգով բողոքի, ինչ մեխանիզմներով իր իրավունքը պաշտպանի: Այսօրվա դրությամբ դեռևս գործակալությունը չունի որևէ մարդուց, ում առողջական վիճակի տվյալները այս համատեքստում, նկատի ունեմ կորոնավիրուսով պյամանավորված իրավիճակում, նրա անձնական տվյալները կամ առողջական վիճակի մասին տեղեկությունները առանց իր համաձայնության հրապարակվել են, գործակալությունը դիմում չի ստացել»:

Շուշան Դոյդոյանն ընդգծում է, որ իշխանությունները «փոքր դոզայով» են տեղեկություն հրապարակել վարակված կնոջ մասին:

XS
SM
MD
LG