Մատչելիության հղումներ

14 մլն դրամի վնաս՝ պետպատվերով ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում չարաշահումների հետևանքով


Ստոմատոլոգիական կլինիկա, արխիվ

Առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Առողջապահության նախարարության և տվյալ ընկերության միջև 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր: Պայմանագրով ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Առողջապահության նախարարության կողմից նախորդ տարի կատարված ստուգումների, ապա նաև Գլխավոր դատախազության կողմից դրանց առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2016 թվականին՝ թվով 88, 2017-ին՝ թվով 168, և 2018-ին՝ թվով 219 ամբուլատոր քարտերում բացակայել են մատուցված ծառայությունները հիմնավորող գրառումները՝ կապված պացիենտների առողջության, զննման և ստոմատոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև բուժման գործընթացի հետ: Ընկերության ղեկավարությունն այլ եղանակներով, մասնավորապես՝ օգտագործված դեղորայքի և անհրաժեշտ նյութերի ծախսի միջոցով ևս չի հիմնավորել վերոնշյալ 475 դեպքով պացիետներին պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն մատուցած լինելու հանգամանքը: Մինչդեռ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել այդ 475 դեպքի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ բովանդակային առումով կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում չհիմնավորված ծավալով ծառայությունների մատուցման դիմաց ընկերությանը պետական բյուջեից շուրջ 14 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցներ են հատկացվել, նշված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG