Մատչելիության հղումներ

Ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված բոլոր գործընթացները դադարեցվում են


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված բոլոր գործընթացները դադարեցվում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)՝ հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը, տեղեկացնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:

«Ազատության» հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ երեկվանից արդեն դիմել են լրատվամիջոցներին՝ հանրաքվեի քվեարկության և կարգին վերաբերող սոցիալական գովազդները հանելու խնդրանքով: Կհեռացվեն նաև Երևանում տեղադրված էկրաններին ցուցադրվող հոլովակները։

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։

«Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածն էլ սահմանում է՝ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո:

Ընդորում, ըստ օրենքի, Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո նախագահը հանրաքվեի մասին նոր հրամանագիր պետք է ստորագրի։

Պարզ չէ սակայն՝ արդյո՞ք դա ենթադրում է, որ հանրաքվեի ողջ գործընթացը պետք է սկսվի սկզբից, արդյո՞ք «Այո»-ի և «Ոչ»-ի կողմերը պետք է կրկին ձևավորվեն, թե՞ գործընթացը պետք է շարունակվի։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, թե կան որոշ օրենսդրական խնդիրներ։

«Կան որոշակի օրենսդրական խնդիրներ, կան որոշակի օրենսդրական, այսպես ասեմ, մեկնաբանման հարցեր, որին մենք կանդրադառնանք ժամանակին, երբ որ գա այդ ժամանակը: Մենք այս փուլում ընդամենը, ես նշեցի, հանձնաժողովը զբաղված է միայն մեկ աշխատանքով, որպեսզի դադարեցումից հետո շատ արագ կարգով կազմակերպվի կատարված ամբողջ աշխատանքների դադարեցումը: Այն արդյունքները, որոնք որ մենք ունեինք նախապատրաստական փուլում դրանք լիարժեք կարգով պահպանելու, որպեսզի հետագայում ըստ անհրաժեշտության արտահայտվի դրանց շարունակականությունը: Այսօր մենք գտնվում ենք այդ փուլում և այդ կապակցությամբ ենք ձեռնարկում աշխատանքներ», - ասաց Մուկուչյանը:

«Ոչ»-ի կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից՝ ընդգծելով՝ ի գիտություն են ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ խորհրդարանում արած հայտարարությունը։ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, որ հանրաքվեի գործընթացը նույն կետից են շարունակելու։

«Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող, և հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ըստ էության հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նույն կետից պետք է շարունակվի, որ պետք է գործընթացը շարունակվի, երբ որ ավարտվի արտակարգ դրությունը, դա մենք ընդունեցինք ի գիտություն, սակայն ինքներս որևէ մեկնաբանություն այս պահին չենք ուզում տալ այն պարզ պատճառով, որ գործ ունենք շատ ավելի կարևոր իրադրության հետ, և մենք պատեհ չենք համարում խոսել հանրաքվեի գործընթացի մասին, քանի դեռ մենք չենք հաղթահարել այս մեծ ճգնաժամը», - նշեց Ռուբեն Միլիքյանը:

Հիշեցնենք, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված էր ապրիլի 5-ին։ Ստեղծվել էին քարոզչական 2 կողմերը, ձևավորվել ընտրական հանձնաժողովները։ Քարոզարշավը մեկնարկեց փետրվարի 17-ին, և տևեց մինչև մարտի 12-ը, երբ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրեց արձակուրդն ու քարոզարշավը և վերադարձավ Երևան։

XS
SM
MD
LG