Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ընդդիմադիրները մեղադրում են իշխանություններին ՏԻՄ ընտրությունները չհետաձգելու համար


Ֆրանսիա-Փարիզի զբոսաշրջային վայրերում մարդիկ շրջում են դիմակներում, 10 մարտի, 2020թ.

Չնայած կորոնավիրուսի տարածման վտանգին` Ֆրանսիայում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում` Փարիզի քաղաքապետի ընտրություններ անցկացվեցին:

Ընտրատեղամասերում ախտահանիչ նյութեր էին տեղադրվել ձեռքերը շփելու համար, հատակին նշումներ կային, որ մարդիկ միմյանցից գտնվեն առնվազն մեկ մետր հեռավորության վրա, ընտրողներին նաև թույլատրվել էր քվեարկել սեփական գրիչներով: Ընտրական հանձնաժողովի անդամներից ոմանք բժշկական դիմակներ էին կրում, ոմանք` ոչ: Ընտրողների մի մասը ևս տեղամասեր էին եկել դիմակներով, մեծ մասն` առանց դիմակի:

Ընտրատեղամասերը բացվելուց ժամեր առաջ Ֆրանսիայի ընդդիմադիր հիմնական գործիչները, այդ թվում` 6 մարզերի պահպանողական ղեկավարներն իշխանություններին մեղադրեցին ընտրությունները չհետաձգելու համար: Նախագահ Էմանյուել Մակրոնը, քվեարկելով Ֆրանսիայի հյուսիսում, որտեղ գտնվում է նրա տունը, ասել է, թե կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի խիստ միջոցների դիմելուց բացի, այլընտրանք չունի, և նշել, որ երկիրը ճգնաժամը կհաղթահարի պատասխանատու լինելու դեպքում:

«Ես մեր քաղաքացիների առողջության և նաև երկրի ժողովրդավարական կյանքի երաշխավորն եմ», - ասել է Մակրոնը` պաշտպանելով ընտրություններն անցկացնելու իր որոշումը:

Ընտրությունները չհետաձգելու մասին նա հայտարարել էր դեռ հինգշաբթի երեկոյան հեռարձակված տեսաուղերձով: Իսկ երեկվա քվեարկության առաջին ժամերն իսկ ցույց են տվել, որ նախորդ ընտրությունների համեմատ մասնակցությունը կլինի ցածր:

«Ֆրանս պրեսը» նկարագրում է, որ Փարիզի մոտ գտնվող ընտրատեղամասերից մեկը գրեթե դատարկ էր:

Ֆրանսիացիները ընտրում են շուրջ 35 հազար համայնքների ղեկավարներ և տեղական խորհուրդների ավելի քան կես միլիոն անդամներ: Այս ընտրությունները նաև դիտարկվում են քննություն նախագահ Մակրոնի համար: 2017թ. նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նրա վարկանիշը, ըստ փորձագետների, որոշ չափով ընկել է: Ֆրանսիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են ֆրանսահայ շատ թեկնածուներ, հատկապես Փարիզում, Մարսելում: Նրանք ներկայացնում են քաղաքական տարբեր ուժեր, հոսանքներ: Վերջնական արդյունքները պարզ կլինեն մարտի 22-ին նշանակված երկրորդ փուլից հետո:

Այստեղ տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են 6 տարի ժամկետով: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ֆրանսիան էլ ավելի է խստացնում հանրային կյանքի սահմանափակումները, սահմանի վերահսկողությունը:

XS
SM
MD
LG