Մատչելիության հղումներ

42 մլն դոլարի քրգործի մասին մերկապարանոց մեղադրանքներին կանրադառնանք քարոզարշավից հետո. 3-րդ նախագահի գրասենյակ


Հակաօդային պաշտպանության ՏՈՐ համակարգ
Հակաօդային պաշտպանության ՏՈՐ համակարգ

42 միլիոն դոլարի անպիտան զինամթերք ձեռքբերելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քարոզարշավին վարչապետի արած հայտարարությունը նաև Գլխավոր դատախազությունից են հաստատում, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացնում։

Պաշտպանության նախարարությունում էլ են զգուշավոր։ Նախարար Դավիթ Տոնոյանի նորանշանակ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն ասում է, որ պատճառը նախաքննություն է․ - «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 42 միլիոն դոլար չարաշահումների վերաբերյալ հայտարարությունը որևէ կերպ մեկնաբանել չեմ կարող, այժմ ընթանում է քննություն: Ինչ վերաբերում է սպառազինության ծագման երկրի կամ երկրների մասին տեղեկատվությանը, ևս որևէ մանրամասներ նշելու իրավասություն չունեմ»։

Ենթադրյալ չարաշահման մասին օրերս առաջին անգամ հայտարարել էր վարչապետը՝ անդրադառնալով պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերաբերյալ արած հայտարությանը։

Սարգսյանը փետրվարի 25-ին մինչ դատաքննության մեկնարկը, դատարանի շենքի առջև հավաքված քաղաքացիների ներկայությամբ ոչ թե իրեն առաջադրված մեղադրանքից էր խոսել, այլ Արցախից՝ թե այն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

«Բա բանակը թալանում էին, որ Արցախ պահե՞ք», - հակադարձել էր Փաշինյանը։

Փաշինյանը բանակի մյուս խնդիրներին էլ էր անդրադրաձել ու հիմնավորել, թե ինչու է հիմա հրապարակավ խոսում դրանց մասին․ - «Գիտեք, տեղյակ եք, որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից ՏՈՐ համակարգեր, Հայաստանը ձեռք է բերել ՕՍԱ-ԱԿԱ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Եվ ես էսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում»։

2008-2016 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում եղած Սեյրան Օհանյանը բացառում է, թե իր ղեկավարման ժամանակ Պաշտպանության նախարարությունը կարող էր անպիտան զինամթերք գնել․ - «Որպեսզի որոշվի, թե երբ է այդ զենքը գնվել, պետք է հստակ մեկնաբանեն՝ որ թվին է զենքը պատվիրվել, որտեղ և նշված սպառազինության տեսակը որ թվականին են ընդունել Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունները»։

Մամուլում տեղեկություններ կան, թե խոսքը 2016-2017 թվականների գնումներին մասին է։ Այդ ժամանակահատվածում, հիշեցնենք, Պաշտպանության նախարարը Հանրապետական Վիգեն Սարգսյանն էր։ Նա այժմ ԱՄՆ-ում է, չցանկացավ մեզ հետ խոսել՝ ժամանային գոտու տարբերության պատճառով։

Երրորդ նախագահի գրասենյակից էլ արձագանքեցին՝ նշելով, որ 42 միլիոն դոլարի չարաշահման քրեական գործով մինչև այս պահը Սերժ Սարսգսյանին իրավապահնները չեն դիմել։

«Նկատի առնելով, որ ՀՀ երրորդնախագահի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հակասահմանադրական հանարաքվեի քարոզարշավին, ուստի մերկապարանոց մեղադրանքներին կանրադառնանք քարոզարշավից հետո», - «Ազատության» հարցմանն այսպես է պատասխանել Սարգսյանի գրասնեյակի ղեկավար Մերի Հարությունյանը։

XS
SM
MD
LG