Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անջեյ Կասպրշիկի հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը:

Պաշտպանության նախարարը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով:

Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ իր միջնորդական առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև գերության և անազատության մեջ պահվող քաղաքացիների հետ կապված հումանիտար հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG