Մատչելիության հղումներ

«Այդ աշխատելաոճը անընդունելի է, ծնկի ծերին գրած հռչակագիր չի լինում». Արամ Մանուկյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիրը, որն անցած 30 տարվա իշխանությունների քաղաքական գնահատականը պետք է լինի, զայրացրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանին։

«Ես զայրացած եմ կապված այդ հռչակագրի հետ, որովհետև ոչ մի իրավական գործընթաց չկա, ոչ մի ընթացակարգ չկա, և ծնկի ծերին գրած հռչակագիր չի լինում։ Այդպես չի կարելի վարվել այդքան լուրջ երևույթների հետ», - ասաց Մանուկյանը։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո» քարոզող վարչապետը երեկ Գորիսում հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծ՝ որպես անցած իշխանությունների գործելաոճի քաղաքական գնահատական։ Ի թիվս այլ հարցերի, տեքստում անդրադարձ կա նաև անցած ընտրություններին։ Նշվում է, որ 1995 թվականից մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։

Վարչապետը հստակ չասաց՝ այս փաստաթուղթն ինչ ճանապարհ է անցնելու, Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելու է, թե ոչ։ Միայն նշեց, որ հանրաքվեի կոնտեքստն են ուզում ձևակերպել նաև այս տեքստով: Բովանդակության առումով Արամ Մանուկյանը շատ բան ունի ասելու, բայց այդ մասին՝ ապրիլի 5-ից հետո։

«Զերծ մնանք բովանդակային մեկնաբանություններից, որովհետև չենք ուզում վնասել «Այո»-ի գործընթացին։ Այն կարևոր քաղաքական գործընթաց է, և հայ ժողովուրդը չպետք է շեղվի ուրիշ կողմ, ինքը պետք է քվեարկի, կարծում եմ, «Այո»-ի օգտին, դա իր որոշելիքն է, ուղղակի այդ գործիքաձևը, այդ աշխատելաոճն ինձ համար անընդունելի է, ընդունել հռչակագիր հենց էնպե՞ս, էքսպրոմտո՞վ։ Դա ոչ ընդունելի աշխատելաոճ է, որովհետև այդպիսի իրավական մեխանիզմ, այդպիսի գործընթաց ես տեղյակ չեմ, չկա այդպիսի բան, այն էլ հանրաքվեից մի քանի օր առաջ, այն էլ պառլամենտի որոշումից հետո, երբ որ հարց է դրված՝ ժողովուրդը համաձա՞յն է արդյոք այս ձևով հանրաքվեի միջոցով սահմանադրական կետի փոփոխություն իրականացնել, մնացածի մասին հետո կխոսենք», - նշեց Արամ Մանուկյանը։

Հեղափոխությունից հետո առանձին քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել են անցյալին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոնց թվում էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», պահանջում էին գնահատական տալ, իրենց բնութագրմամբ, պետության զավթմանը։ Սակայն այս առաջարկները արձագանք չունեցան։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով՝ քաղաքական գնահատականը խորհրդարանում է ներկայացվում։

«Ես կարծում եմ՝ ընտրված Ազգային ժողովի կողմից ընդունումը բավարար կլինի, որպեսզի ճանաչվի այդ պետության զավթումը, և որը հիմք կտա հետագա փոփոխությունների համար», - ասաց Այվազյանը։

Սոնա Այվազյանն անընդունելի է համարում, որ իշխանությունը քարոզարշավի կեսից փոխում է հանրաքվեի դրվող հարցի կոնտեքստը։

«Եթե դա արվեր շատ ավելի վաղուց և նախապես պլանավորվեր և հատուկ այդ ամբողջը դրվեր, միգուցե դա կլիներ ողջամիտ, բայց հիմա այդ մի կետի հետ բերել, միացնել, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի», - ընդգծեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրենը։

Ապրիլի 5-ի հանրաքվեի բուն հարցից շեղվելուն դեմ է նաև արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

«Սա նման է գիտե՞ք ինչի, որ ասեն՝ «եկեք, գնում ենք ուտել-խմելու», բայց տանեն բեռնատար բեռնաթափելու, այսինքն՝ դու մի բանի համար կանչում ես ժողովրդին ընտրատեղամասեր, բայց ուրիշ բանի համար քվեարկել ես տալիս», - ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ անցած իշխանությանը գնահատական տալիս է իշխող ուժը՝ Ազգային ժողովի մեծամասնությունը։ Սուրեն Սահակյանն ընդգծեց՝ ժողովուրդն իր գնահատականն արդեն տվել է՝ նախկիններին մերժելով։

«Քաղաքական գնահատականը կառավարող ուժի գնահատականն է, որի հետ ժողովուրդը կարող է համաձայն չլինել, օրինակ, բայց դա իր գնահատականն է, իր կարծիքն է, իր տեսիլքն է՝ պետության հետագա զարգացման, անցյալի գնահատականի և ապագա զարգացման մասին։ Նախ, գնահատականն այդպես չի տրվում հանրահավաքում, հետո ժողովուրդը գնա, ժողովուրդը գնահատական տվել է, կարծում եմ, այդ ամբողջ քաղաքական համակարգի, և ամեն մեկն այդ ժողովրդից, որովհետև ժողովուրդ ասելով ամբողջություն ենք հասկանում կամ գոնե մեծամասնություն ենք հասկանում, ամեն մեկն իր պատճառն է ունեցել այդ համակարգը մերժելու համար», - նշեց Սահակյանը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, եթե քաղաքական գնահատականը Ազգային ժողովը տա, դա կստացվի մեկ ուժի կողմից տրված գնահատական, իսկ հանրաքվեով այլ է։

«Ես կարծում եմ՝ այդ գնահատականը մեծ հաշվով արդեն մեկ անգամ տրվել է հեղափոխության ժամանակ, բայց հանրաքվեն ևս մեկ լավ առիթ կարող է հանդիսանալ, որպեսզի տրվի գնահատական, որը չի ընկալվի որպես գնահատական մեկ ուժի կողմից տրված, այլ կընկալվի որպես, այսպես ասած, կոնսենսուս», - ասաց պատգամավորը։

Ռուբեն Ռուբինյանը դժվարացավ հստակ ասել՝ խորհրդարանում կքննարկվի փաստաթուղթը, թե ոչ։ Չբացառեց, ասաց՝ հռչակագիրը հանրաքվեի դրված չէ, բայց այն կարելի է համարել հանրաքվեի ևս մեկ համատեքստ՝ քաղաքական բովանդակության առումով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG