Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունցը «իրավական տեսանկյունից խախտում» չի համարում պատգամավորի այցը Առաքելյանների ընտանիք


Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը») Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանի տանը։
Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը») Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանի տանը։

«Այո»-ի քարոզչական կողմից պատգամավոր Սիփան Փաշինյանի այցելությանը սոցիալական ու առողջական մի շարք խնդիրների մասին բարձրաձայնած կուրթանցի Մեխակ Առաքելյանին, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, իրավական տեսանկյունից խախտում չէ, բայց, հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը հորդորում է իշխանությանը «զերծ մնալ նման գործողություններից»՝ հասարակական տարաբնույթ ընկալումներ չստեղծելու համար. - «Գործողությունը հենց այդպես էլ կարող է ընկալվել, որ այնուամենայնիվ, սա նպատակ ունի ինչ-որ մարդու դիրքորոշման վրա ազդելու։ Չնայած մարդը իր կարծիքը մինչև այս օգնության տրամադրման մասին իմանալը, կամ դրա մասին խոսակցությունը, արդեն իր դիրքորոշումը արտահայտել էր, որ ինքը նեղացած չէ վարչապետից և քվեարկելու է «այո»։ Բայց ես կհորդորի զերծ մնալ նման գործողություններից, որը կարող է նման մտածելակերպի կամ նման որակման հիմք հանդիսանալ»։

Մեխակ Առաքելյանը հանրությանը հայտնի դարձավ վարչապետ Փաշինյանի մի քանի օր առաջվա հետ հայտնի զրույցից, երբ խնդրել էր բարելավել իր կենցաղային պայմանները և ի պատասխան լսել կոշտ արձագանք՝ առողջ տղամարդը մի ուրիշ առողջ տղամարդուց չպետք է տուն խնդրի, պետք է աշխատի ու ինքը ստեղծի։

Լրատվամիջոցների անդրադարձից պարզվեց, որ Մեխակը վատառողջ է, Առաքելյանների 10 հոգանոց ընտանիքն էլ այնքան անապահով, որ երկրաշարժից 32 տարի անց տնակում է ապրում։

Սիփան Փաշինյանը հենց այդ տնակ էր այցելել, հղում արել Հայաստանից ու արտերկրից իր հետ կապ հաստատած մարդկանց ու ասել, որ ընտանիքի խնդիրները կլուծվեն. - «Իմ պարտքն եմ համարել գալ Մեխակենց ընտանիք և հայտնել այդ լուրը, որ մարդիկ կան, որոնք պատրաստակամ են իրենց խնդիրները լուծել։ Չեմ ցանկանա մանրամասնել՝ անտեղի շահարկումներից խուսափելու համար, որովհետև գիտեք, որ հանրաքվե է»։

«Հանրաքվեի մասին» օրենքը արգելում է քարոզչության կողմերին քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով քարոզչության ժամանակ տալ, անգամ՝ խոստանալ դրամ, արժեթղթեր, ապրանքներ, սննդամթերք: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Այո»-ի կողմին զգուշացնող հայտարարություն է չի տարածել։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, վարչական վարույթ էլ չի հարուցել։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ եթե վարույթ չի հարուցվել, հանձնաժողովը «բավարար հիմքեր չի գտել, որ օրենքի պահանջների հետ եղել է անհամատեղելիություն»։

Իսկ 2017-ի խորհրդարանական ընտրարշավի ժամանակ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հղում էր անում հենց ԿԸՀ-ի զգուշացմանը, թե դրամական ու նյութական խոստումներով օրենք է խախտում, դժգոհում էր՝ Մուկուչյանն իրեն արգելել է մարդկանց անգամ խոստում տալ. - «Լավ, մարդիկ թող մեռնեն, ցավդ տանեմ։ Ոչ մի բան էլ չեմ խոստանում, ժողովուրդ ջան։ Պարոն Մուկուչյանը արգելել ա»։

Միակ խախտում տեսնողը «Ոչ»-ի քարոզչական կողմն է: Բայց, ինչպես «Ազատությանը» փոխանցեց «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը, քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ վարույթ հարուցելու պահանջով ԿԸՀ դիմել չեն պատրաստվում՝ հարցի բարոյական կողմը կարևորելով. - «Չենք պատրաստվում կոնկրետ այս փաստը ներառել մեր հաշվետվության մեջ, մեր զեկույցի մեջ, ներկայացնել մեր միջազգային գործընկերներին։ Ոչ էլ պատրաստվում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել, որովհետև կարևորում ենք հարցի բարոյական կողմը և կարծում ենք, որ դա է ճիշտ մոտեցումը այս հարցին։ Թեև հակառակ կողմը ոչ միայն օրենքի խախտում է թույլ տվել, այլև սա անազնիվ քարոզչական դրսևորում ենք մենք համարում»։

XS
SM
MD
LG