Մատչելիության հղումներ

Էրդողանը Հունաստանի իշխանություններին համեմատում է նացիստների հետ


Փախստականներ թուրք-հունական սահմանին, մարտ, 2020թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է՝ այն, ինչ անում են հույները ներգաղթյալների հետ, բնորոշ էր նացիստական Գերմանիային: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարեց նախօրեին` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Այն պատկերները, որի ականատեսն ենք դառնում այսօր` Հունաստանի հետ սահմանին, նույնն է, ինչ նացիստներն էին անում: Այն, ինչ կատարվում էր նացիստական համակենտրոնացման ճամբարներում, այժմ նույնությամբ կրկնում են հույները` Արևմուտքի անունից, կարծես այդ նույն Արևմուտքի կողմից աշխատավարձ ստացող հանրային ծառայողներ լինեն», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ մեկ անգամ ևս զգուշացնելով, որ Անկարան չի խոչընդոտելու ներգաղթյալների անցմանը դեպի ԵՄ:

«Բացեք դռները, թողեք ներգաղթյալներին ձեր երկրի տարածքով անցնել դեպի բարեկեցիկ արևմտյան պետություններ: Ինչո՞ւ եք արգելափակել նրանց և նացիստական կտտանքների ենթարկում», - հեռակա կարգով դիմելով Հունաստանի իշխանություններին` հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն, ի դեպ, չի էլ թաքցնում, որ այն, ինչ կատարվում Հունաստանի հետ սահմանին, Բրյուսելից զիջումներ կորզելու պարզ մի լծակ է:

«Քանի դեռ Թուրքիայի` [իր քաղաքացիների] ազատ տեղաշարժի ապահովմանը, ԵՄ անդամակցության գործընթացում մի շարք ոլորտներին վերաբերող բանակցությունների վերսկսկմանը, Մաքսային միության մասին համաձայնագրի նորացմանն ու ֆինանսական աջակցությանը վերաբերող պահանջները չեն բավարարվել, մենք շարունակելու ենք սահմանին գործել նույն կերպ, ինչպես գործում էինք նախկինում», - հայտարարել է Էրդողանը:

Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները հնչեցին նրա Բրյուսել կատարած այցից բառացիորեն մի քանի օր անց: Բելգիայի մայրաքաղաքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ ղեկավարների հետ քննարկում էր 2016 թվականի մարտին կնքված` ներգաղթյալներին վերաբերող համաձայնագրի վերանայման հնարավորությունը: Այդ համաձայնագրով ԵՄ-ն պարտավորվել էր Թուրքիային ներգաղթյալների խնդիրները լուծելու համար շուրջ վեց միլիարդ եվրոյի ուղղակի ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Դրա դիմաց Անկարան խոստացել էր ուժեղացնել ԵՄ-ի հետ իր ցամաքային և ծովային սահմանների հսկողությունը` թույլ չտալով 2015 թվականին տեղի ունեցած ճգնաժամի կրկնությունը:

Դատելով Էրդողանի` չորեքշաբթի օրը հնչեցրած հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ ԵՄ ղեկավարների հետ բանակցությունները տապալվել են:

Այս վարկածի օգտին է խոսում նաև պաշտոնական Աթենքի որդեգրած կոշտ հռետորաբանությունը:

Հունաստանի կառավարությունը կտրականապես հերքում է Անկարայից հնչող մեղադրանքները, ինչպես նաև ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` The New York Times-ում երեկ հրապարակված հոդվածը, որի հեղինակները պնդում էին, թե հունական իշխանությունները սահմանը հատած անօրինական ներգաղթյալներին տեղափոխում են գաղտնի ճամբարներ, որտեղ նրանք զրկված են տարրական պայմաններից, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների հետ շփվելու հնարավորությունից։

«Հունաստանի տարածքում ներգաղթյալների պահման համար նախատեսված որևէ գաղտնի բանտ գոյություն չունի: Սահմանների պաշտպանությունը թափանցիկ է իրականացվում` համապատասխան երկրի օրենքներին ու Սահմանադրությանը: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ մարդկանց մեր սահմանագլխին են հասցնում կազմակերպված` մեքենաներով և ավտոբուսներով: Այդ դեպքում Հունաստանի քաղաքացիների մոտ հարցեր են ծագում` մասնավորաբար, թե է՞լ ինչ քայլերի է պատրաստ դիմել թուրքական կառավարությունը», - Աթենքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը:

XS
SM
MD
LG