Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունները լայնամասշտաբ են լինելու, ասում է Դանիել Իոաննիսյանը


Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն արդեն 2 նիստ է անցկացրել, և հանձնաժողովի անդամներից քաղհասարակությունը ներկայացնող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ արդեն ուրվագծվում է՝ փոփոխությունները լայնամասշտաբ են լինելու:

«Տպավորությունն այնպիսին է, որ բավականին ոչ ինչ-որ էպիզոդիկ փոփոխությունների հետ ենք գործ ունենալու՝ բավականին լայնածավալ, լայնամասշտաբ և Սահմանադրության կարգավորման առարկա շատ ու շատ հարցերի հետ կապված», - նշեց Իոաննիսյանը։

Այս ընթացքում ձևավորվել են 4 աշխատանքային խմբեր, որ ավելի հաճախ են հանդիպում: Բոլոր այս հանդիպումները փակ են, իսկ քննարկվող հարցերի շրջանակը շատ մեծ է՝ սկսած, օրինակ, ուղիղ ժողովրդավարության գործիքներն ու հանրաքվեների անցկացման հնարավորությունները մեծացնելուց մինչև նախագահական ուղիղ ընտրությունները վերականգնելը, խորհրդարանական կայուն մեծամասնության կետը փոփոխելուց մինչև քվեարկողների տարիքային շեմն իջեցնելու հարցը։

Թե քննարկումներն ինչի՞ կհանգեցնեն, դեռ հայտնի չէ, Իոաննիսյանն ասում է՝ այժմ հստակեցնում են այն հարցերի շրջանակը, որոնց պետք է անդրադառնան:

«Դեռևս ավելի շատ այն փուլում ենք, որ քննարկում ենք, թե ինչը պետք է քննարկվի», - նշեց Դանիել Իոաննիսյանը։

Հանձնաժողովը, որ ձևավորվեց տարեսկզբին, նախագահում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, հանձնաժողովում են արդարադատության նախարարը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, օմբուդսմենը, դատավորների ընդհանուր ժողովից 1, իսկ հասարակական կազմակերպություններից 2 ներկայացուցիչ, նաև 6 իրավաբան - գիտնականներ և յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր:

Սկզբում Սահմանադրական լայնածավալ փոփոխությունների հանրաքվեի ժամկետ նշվում էր տարվա վերջը, ապա Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ գուցե այդ հանրաքվեն խորհրդարանական հերթական ընտրությունների հետ համատեղեն: Սակայն Դանիել Իոաննիսյանն ասում է՝ լավ կլինի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այնպես նշանակել, որ այն նախորդի խորհրդարանական ընտրություններին:

«Հանձնաժողովը քննարկում է նաև Ազգային ժողովի ձևավորման հետ կապված հարցեր, օրինակ, կայուն մեծամասնությունը։ Բնականաբար, դրանք հարցեր են, որ պետք է Ազգային ժողովի ընտրություններից առաջ վերջնական լուծում ստանան և չեն կարող լուծումը ստանալ Ազգային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ։ Ընդ որում՝ պետք է այնքան առաջ լուծում ստանա, որպեսզի ընդունվի Սահմանադրությունը, դրանից հետո ընդունվի և պատշաճ քննարկումներ անցնելով ընդունվի Ընտրական օրենսգիրքը և դրանից հետո էլ գոնե ցանկալի է մեկ տարի մնացած լինի մինչև ընտրություններ։ Այսինքն՝ եթե մենք ընտրությունները ընդունում ենք 23 թվականի վերջին, ապա Ընտրական օրենսգիրքն արդեն պետք է փոխվի 22 թվականի վերջին, Սահմանադրությունն էլ երևի պետք է ընդունվի մոտավորապես 21 թվականի վերջին», - ասաց հանձնաժողովի անդամը։

Ըստ վարչապետի որոշման՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պետք է պատրաստ լինի ապրիլին, իսկ բուն նախագիծը՝ մինչև սեպտեմբերի 1-ը: Իոաննիսյանը հույս ունի, որ այդ ժամկետները կվերանայվեն, քանի որ մինչ այդ դժվար թե հասցնեն ունենալ պատշաճ խորքային քննարկումներով այնպիսի լայնածավալ նախագիծ, որի կարիքը կա։ Իսկ հանրաքվեի, ըստ Իոաննիսյանի, պետք է դրվի Սահմանադրության ամբողջական տեքստ, անկախ կատարվող փոփոխությունների ծավալից:

«Մենք պետք է ունենանք ամբողջ շարադրանքը դրված հանրաքվեի, որովհետև հիմա մենք չունենք Սահմանադրության գեթ մեկ հոդված, որը ժողովրդի կողմից չկեղծած հանրաքվեով ընդունված լինի։ Կարևոր է, որ Սահմանադրության ամբողջ շարադրանքը դրվի հանրաքվեի և ամբողջ շարադրանքն ընդունվի», - ասաց Դանիել Իոաննիսյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանն էլ համամիտ է՝ սահմանադրական լայնածավալ փոփոխություններ պետք է կատարել հնարավորինս շուտ, բայց այնպես, որ չտուժի որակը: Իսկ դատելով փոփոխությունների մասշտաբից, դրանք պատրաստելը ժամանակ է պահանջում:

Ընդդիմադիր այս կուսակցությունը ի սկզբանե հայտարարեց, որ փորձելու են իրենց համար սկզբունքային կարևորություն ունեցող փոփոխությունները ամրագրել, դրանց թվում՝ կայուն մեծամասնության կարգավորումը վերացնելն ու սուպերվարչապետական համակարգը փոխելն է։

«Դե մենք մեր օրակարգով ենք մասնակցում հանձնաժողովի նիստերին, իսկ մեր օրակարգը բազմիցս արդեն բարձրաձայնել ենք, դա կայուն մեծամասնության ինստիտուտի վերացումն է և պառլամենտական հանրապետության համար անհրաժեշտ պառլամենտական վերահսկողական լծակների սահմանումը՝ Սահմանադրության մակարդակով, ինչպես նաև դատական իշխանության հետ կապված որոշակի հարցեր։ Մենք այս օրակարգն առաջ տանելու ենք, մենք հիմա էլ ենք պնդում, որ սրանք առաջնային հարցեր են և ըստ էության լուրջ փոփոխություններ կանխատեսում ենք Սահմանադրության առումով։ Բայց եթե տեսնենք՝ մեր գործընկերները մի փոքր այսպես այլ տրամադրություններ ունեն և ավելի մակերեսային փոփոխություններ են ենթադրում, բնականաբար, մենք մեր բացասական դիրքորոշումը կարտահայտենք: Բայց ամեն դեպքում հույս ունենք, որ այն սկզբունքները, որի հիման վրա աշխատանքները սկսել ենք և այն մեծածավալ աշխատանքները, որոնք հիմա ընթացքի մեջ են, իրենց արդյունքը կտան, և ի վերջո մենք կունենանք լիարժեք պառլամենտական հանրապետություն, դրան հատուկ, դրան բնորոշ պառլամենտական վերահսկողական լծակներով», - նշեց Սիմոնյանը։

XS
SM
MD
LG