Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն առաջին նիստն անցկացրեց


Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, 21 փետրվարի, 2020թ.
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, 21 փետրվարի, 2020թ.

Արդարադատության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը:

Փակ նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փոխանցեց, որ հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել սահմանադրական փոփոխությունների մասին, ձևավորել են աշխատանքային խմբեր, պայմանավորվել են, որ բոլոր անդամները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն իրենց առաջարկները: Ո՛չ ժամկետների, ո՛չ փոփոխությունների վերաբերյալ իր պատկերացումները Կիրակոսյանը հնչեցնել չցանկացավ. - «Բոլոր ուղղություններով քննարկվում են, Սահմանադրության ամբողջ տեքստով քննարկումները գնում են՝ սկսած առաջին գլխից մինչև վերջին գլուխ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը ենթադրում է, որ դրա գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լինի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվի հանրային քննարկման և կներկայացվի վարչապետի աշխատակազմին։ Իսկ արդեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի մեկը, ըստ որոշման, պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը:

Ավելի վաղ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս հույս էր հայտնել, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի այն փաստաթուղթը, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի: Մինչդեռ երեկ Հանրայինի եթերում վարչապետ Փաշինյանի հնչեցրած ժամկետները տարբերվում էին իր իսկ որոշմամբ սահմանվածից: Երեկ վարչապետը չբացառեց, որ այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ՝ 2023 թվականին:

«Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ, հանրաքվե հնարավոր է և չիրականացնենք, որովհետև մենք, հնարավոր է, օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը: Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ։ Որովհետև, այնուամենայնիվ, էս ողջ համատեքստում անընդհատ բարձրացվում է հետևյալ հարցը, որ «ժողովուրդ ջան, 95 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2015 թվականի հանրաքվեն եղել է կասկածելի, և ընդհանրապես՝ Սահմանադրության լեգիտիմության պրոբլեմը կա», - ասել է Փաշինյանը։

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը համաձայն է` Հայաստանում չի եղել մայր օրենք, որը ժողովրդի կողմից է ընդունված, բայց անհամաձայնություն ունի հնչեցված ժամկետների հետ: Մասնավորապես դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որով և նախատեսված են այս փոփոխությունները, Սահմանադրության խնդրահարույց դրույթների շարքում նշում է Ազգային ժողովի պատգամավորների ընտրության, խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը: Ստացվում է՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրության ոգուն համապատասխան:

«Ազգային ժողովի պատգամավորների քանակը, բնականաբար, պետք է որոշվի ոչ միայն հաջորդ ընտրություններից առաջ մայր օրենքում, այլև պետք է այնքան առաջ սահմանվի մայր օրենքով, որ դրանից հետո արդեն համապատասխան փոփոխությունները տեղ գտնեն Ընտրական օրենսգրքում, և Ընտրական օրենսգիրքն էլ ուժի մեջ մտնի դե գոնե ընտրություններից 10 ամիս, 1 տարի շուտ: Այսինքն՝ թողնել այս հարցը և բազմաթիվ այլ հարցեր և հաջորդ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության հետ միասին սահմանադրական փոփոխությունների քվեարկությունն անել գործնականում հնարավոր չէ», - ասաց նա:

Հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը չի բացառում, որ հանձնաժողովի առջև դրված խնդիրն ավելի ընդարձակվի: Խմբակցության համար առաջնային է խորհրդարանական կառավարման մոդելի համապատասխան գործիքակազմի սահմանումը. - «Չի բացառվում, որ քննարկման առարկան ընդարձակվի: Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները ժամանակատար գործընթաց է և լուրջ աշխատանք է իրենից ենթադրում, և կարճ ժամանակահատվածը բավարար չէ նորմալ աշխատանք կատարելու համար: Կարծում եմ՝ այս տեսանկյունից է վարչապետն ասել, ես ուղղակի լրիվ չեմ հիշում՝ ինչ միտք էր արտահայտել, բայց ենթադրում եմ՝ դա էր հենց ընդգծել, իսկ այսօրվա հանձնաժողովի աշխատանքը ժամանակային սահմանափակում ունի մինչև աշունը, աշնանն արդեն որոշակի փաստաթուղթ պետք է հանրության ուշադրությանը ներկայացնենք», - ասաց նա:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված է 16 անդամից: Ընդգրկված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական ներկայացուցիչ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից և երկուսը՝ իշխանական խմբակցությունից: Եվս մեկ ներկայացուցիչ էլ ունի դատավորների ընդհանուր ժողովը: Հանձնաժողովի կազմում են նաև 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ:

XS
SM
MD
LG