Մատչելիության հղումներ

Որևէ կուսակցություն առայժմ ապրիլի 5-ի հանրաքվեն մշտադիտարկելու հայտ չի ներկայացրել


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մշտադիտարկելու համար մինչև այս պահը հայտ է ներկայացրել 6 տեղական կազմակերպություն՝ 147 դիտորդով։ Սա դեռ վերջնական թիվը չէ, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 21-ն է։

Հանրաքվեի առանձնահատկություններից այն է, որ դիտորդի կարգավիճակ կարող են ունենալ նաև կուսակցությունները։ «Ազատության» հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ առայժմ որևէ կուսակցություն հանրաքվեն մշտադիտարկելու ցանկություն չի հայտնել։

«Կարծում եմ, որ դեռ ժամանակ կա, և, ինչպես ցույց է տալիս մեր պրակտիկան, ավելի մեծաթիվ են լինում դիմումները հատկապես, երբ մոտենում է վերջնաժամկետը։ Հուսանք, որ ավելի մեծ կլինի, և ես կարծում եմ, որ կուսակցությունները ևս կօգտվեն իրենց իրավունքից», - հավելեց Մուկուչյանը։

Փետրվարի վերջին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ հանրաքվեն դիտարկելու համար հրավերներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին։ ԿԸՀ-ից փոխանցեցին, որ միջազգային դիտորդներից որևէ հայտ դեռ չեն ստացել. - «Դեռևս մենք նրանցից համապատասխան դիմում չունենք»:

Քարոզարշավի ընթացքի խախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ ԿԸՀ-ն նույնպես չի ստացել։ Սակայն հետևելով լրահոսին՝ ծանոթ են ամենատարբեր գնահատականներին և մոտեցումներին։

Տիգրան Մուկուչյանի խոսքով, առանձին խնդիրներ նկատվել են, բայց ընդհանուր առմամբ քարոզարշավն ընթանում է Ընտրական օրենսգրքի և «Հանրաքվեի մասին» օրենքում ամրագրված սկզբունքների պահպանմամբ. - «Երբ հանձնաժողովը կգտնի, որ կա անհրաժեշտություն կոնկրետ փաստական հանգամանքով պայմանավորված վարույթ հարուցելու, ինքը սեփական նախաձեռնությամբ վարույթ կհարուցի», - նշեց ԿԸՀ նախագահը։

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացել են 19 ահազանգ, որոնցից 9-ը նույն անձի կողմից ներկայացված դիմումներն են: Դատախազության հայտարարության համաձայն, դրանք առերևույթ հանցագործության մասին հաղորդում չհանդիսանալու պատճառով ստուգման հանձնարարություն տալու անհրաժեշտության բացակայության կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ:

Մյուս 10 դեպքերը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանցից 8-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը, և ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա թողնվել անհետևանք։ Իսկ 2-ով իրականացվում են ստուգողական գործողություններ:

Էական խախտումներ չի նկատել նաև դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Այդուհանդերձ, որոշ խնդիրներ արդեն իսկ աչք են ծակել, մասնավորապես կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծում է մարտի 8-ին ծաղիկներ բաժանելու հանգամանքը։

«Թեկուզ այդ կոնտեքստով, մանավանդ որ ներկայացվում է քարոզարշավի կոնտեքստով, իհարկե անթույլատրելի է, բայց այն երևույթները, որ նախկինում էին եղել, նկատի ունեմ մինչ հեղափոխությունը կրթական հաստատությունների աշխատողների մոբիլիզացիա, քարոզարշավում ներգրավում և այլն, նման խախտումներ կամ նման երևույթներ չենք բացահայտել, բայց շարունակում ենք դիտարկել», - ասաց նա:

Դիտարկմանը, որ Ագարակում քարոզարշավի ժամանակ երեխաներ կային, Սաքունցն արձագանքեց. - «Մեր դիտորդները խոսել են, և հստակ ասել են՝ մենք իմացել ենք, որ վարչապետը գալու է, և մենք փախել ենք դասից, որ գանք տեսնելու»:

Արձակուրդի մեջ գտնվող վարչապետի՝ ուղղաթիռով Մեղրի մեկնելը «Ոչ»-ի շտաբում մենաշնորհային միջոցի կիրառում են որակում։ Սաքունցի գնահատմամբ՝ սա պաշտոնով պայմանավորված անհրաժեշտ անվտանգության ապահովում է։

«Խնդիրն այն է, թե դու լիազորություններդ օգտագործում ես՝ հրաման արձակելու, թելադրելու, մարդկանց կամքի վրա ազդելու և այլն, այսինքն՝ միջոցների անհավասարությունը օբյեկտիվորեն տրված է, բայց իրավասությունների լիազորությունների անհավասարությունը, դրա մեջ պետք է դիտարկել», - նկատեց նա:

Դիտորդական առաքելության ղեկավարն այս քարոզարշավն առայժմ շատ պասիվ է համարում՝ առավել ևս երբ համեմատականներ է անցկացնում նախկինում նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած համապետական միջոցառումների հետ։

XS
SM
MD
LG