Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Նախօրեին ազատազրկման վայրից բժշկական կենտրոն տեղափոխված երկրորդ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Մարտի 1-ի գործով դատավարությանը ներկա չէր։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց:

«Համաձայն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Պացիենտի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով», - տեղեկանքը ներկայացրեց Դանիբեկյանը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բուժում է անցնում, «Ազատությանը» տեղեկացրել է նրա փաստաբանը։

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, հունիսի 25-ից կալանավորված Քոչարյանը դիմել էր բժիշկներին արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով։

«Հարգելի՛ պաշտպաններ, ունե՞ք ավելի ստույգ տեղեկություններ պարոն Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ», - հարցրեց դատավորը:

Փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց. - «Ո՛չ, այս պահին դրանից ավելի ստույգ, դրանից ավելի ամբողջական տեղեկատվության չենք տիրապետում»:

Աննա Դանիբեկյանը նշեց՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, այսօրվա դատական նիստը հետաձգվում է:

2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու գործով բուն դատական նիստերը մինչ օրս չեն սկսվել, սեպտեմբերից ի վեր դատարանը հիմնականում քննում է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները. մարտի 6-ին՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, փետրվարի 25-ին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն, իսկ դրանից առաջ՝ դեկտեմբերին, գործով զբաղվող դատախազի բացարկի վերաբերյալ միջնորդություն և այլն։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ այսպես դեռ կարող է շարունակվել. - «Դատարանն ընդամենը այս 6-7 ամիսների ընթացքում հասցրել է պաշտպանության կողմին լսել, և դեռևս մեղադրանքի կողմը չի կարողացել, հնարավորություն չի ունեցել ներկայացնելու մեղադրանքը, մեղադրանքի հրապարակում տեղի չի ունեցել: Ըստ էության, բուն դատաքննության փուլ մենք չենք մտել, հիվանդության պատմություններից հետո նորից սկսվելու են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցերը, և մի տեսակ պլանավորած սցենարով այս խնդիրը գնում է», - նկատեց նա:

Փաստաբանն իր պրակտիկայում չի հիշում նախադեպ, երբ դատարանը կես տարի շարունակ միայն միջնորդություններ է լսել, այնուամենայնիվ օրենսդրական արգելք չկա, և գործընթացը կարող է այսպես դեռ ձգձգվել։ Սաֆարյանի կարծիքով՝ տպավորություն է ստեղծվում, թե փաստաբանները սպասում են իրենց գործի համար վճռորոշ որևէ իրադարձության։

«Պաշտպանության կողմն ինչ-որ սպասելիքներ ունի և թույլ չի տալիս, որպեսզի դատական նիստը իր բնականոն հունով ընթանա: Ես կարծում եմ, որ սա իր նախադեպը չունեցող գործ է միջնորդությունների ծավալի և այդ ձգձգումներ առաջացնելու մեխանիզմների առումով, որովհետև նույն բանը 4-5 փաստաբաններ նույնաբովանդակ հայտնում են, այնուհետև մյուսների փաստաբանները այս նույն փաստաբանների ասածները կրկնում են», - նշեց Սաֆարյանը:

Վերջին նիստերից մեկին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդել էր, որպեսզի սահմանափակվեր դատավարության մասնակիցների խոսքի տևողությունը դատարանում՝ գործընթացն արագացնելու նպատակով: Այս միջնորդությունն ընդունվել էր, սակայն մինչև կհասցներ կիրառվել, առաջ եկան Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրները։

«Սրանից հետո մի փոքր կարող էր առաջընթաց գրանցվել, հիմա էլ այսպիսի իրավիճակ է ստեղծվել», - ասաց Սեդա Սաֆարյանը:

«Ազատության» հետ զրույցում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները բազմիցս նշել են, որ գործի պրոցեսը ձգձգելու միտումներ չունեն, և այս գործն այսպես թե այնպես կարող է տարիներով քննվել։

XS
SM
MD
LG