Մատչելիության հղումներ

Առերևույթ խախտումների մասին «գուցե նոստալգիկ ապրումների արդյունքում են բարձրաձայնում»


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն ակտիվանում է։ «Այո»-ի ճակատում վարչապետի գլխավորությամբ բուկլետներ են բաժանում, ընդդիմությունը, մինչդեռ, հայտարարում է, որ ահազանգեր է ստանում մարզերից, թե իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները կանչում են գյուղապետերին և ասում, որ ամեն ինչ պետք է անել հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի համար։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է «Այո»-ի քարոզարշավում վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերը։

Մարզպետը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Ձեր ընդդիմախոսները, այնուամենայնիվ, ասում են, որ կան խախտումներ, ահազանգում են տարբեր խախտումների մասին, Դատախազությունն էլ այդ հաղորդումները ստուգում է, ուսումնասիրում է։ Նրանք պնդում են, թե մարզպետները վարչական ռեսուրս են օգտագործում՝ կանչում են համայնքապետերին և ասում են, որ «պիտի ապահովեք ապրիլի 5-ին ձայները բոլոր»։ Այ ի՞նչ կարող եք ասել։ Սա նոր բան չէ Հայաստանի համար, այս ավանդույթը տարիներ շարունակ եղել է, և հեշտ է հավատալ, որ նման բան կարող է լինել։

Ռոմանոս Պետրոսյան. – Մեր ընդդիմախոսները, բարձրաձայնելով այդպիսի հնարավոր ինչ-որ առերևույթ խախտումների մասին, գուցե նոստալգիկ ապրումների արդյունքում են բարձրաձայնում, որովհետև այդ աշխատաոճը շատ հարիր է եղել իրենց կառավարման շրջանին, մասնավորապես՝ այն ընդդիմադիրների, ընդդիմախոսների, ովքեր որ նախկին 20-30 տարվա ընթացքում իշխանություն կամ իշխանական կոալիցիա են հանդիսացել մեր երկրում։

Ինչ վերաբերում է մարզպետների, համայնքապետների և այլ ինստիտուտների հնարավոր նման դրվագներին, ես կարող եմ ի պաշտոնե ձեր եթերից 100 տոկոսով հերքել այդ լուրերը, այդ լուրերը պարզապես սևացնելու, զրպարտելու մոտիվ են հետապնդում։

«Ազատություն». – Դուք կարող եք Ձե՛ր մարզի համար հերքել։

Պետրոսյան. – Ես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եմ հանդիսանում և քաղաքական որոշումների կայացման մեջ իմ որոշակի նաև դերակատարումն ունեմ, և ինչպես իմ նախորդ բանախոսը՝ ՏԿԵ նախարար պարոն Պապիկյանը, դեռ Ազգային ժողովում էր հերքել հնարավոր որևէ դրվագի իրականություն, ես ավելին ասեմ նաև՝ այսօրվա քաղաքական ֆոնին, այսօրվա իրավական պետությանը հարիր կառավարման մշակույթի ֆոնին բացառում եմ նմանատիպ որևէ մարզպետի գործողություն, որը այնուհետև անմիջապես չենթարկվի իրավական գնահատականի, և պատկան մարմինները չհակազդեն ամբողջ գործիքակազմով։

Դրա ապացույցը մենք արդեն ունենք, և նաև ցանկանում եմ մատնանշել դեռևս մեկուկես տարի առաջ համապետական մեկ այլ կարևոր ընտրություն՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրությունները, որոնք նաև մեր իշխանության թեստն էին համապետական ընտրությունների, և չեղավ գեթ մի ընտրախախտում, որը որ հետագայում ապացուցվեր կամ պարզապես մեղադրանքներ առաջադրվեր, քանի որ մենք ինքներս ինչի համար որ պայքարել ենք, առաջնահերթ ինքներս հենց դա ենք բացառում մեր վարք ու կանոնով։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 8-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG