Մատչելիության հղումներ

Իսրայելում կորոնավիրուսի պատճառով ԿԸՀ-ն հրաժարվել էր մի շարք քվեաթերթիկներ հաշվարկել. 20 ընտրատեղամասում դեռ վերահաշվարկներ են


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը, արխիվ

Իսրայելում կայացած 23-րդ գումարման Քնեսեթի թվով երրորդ արտահերթ, բացառիկ ընտրություններից 2 օր անց հրեական մամուլը գրեց, որ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվում էին հաշվարկել կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող 4076 մարդու քվեաթերթիկները: Այնուհետև հայտնի դարձավ, որ դրանք հաշվելու նպատակով դիմել են շտապօգնության և բժիշկների օգնությանը:

Չնայած սրան 20 ընտրատեղամասում դեռ կուսակցությունների պահանջներով վերահաշվարկներ են տեղի ունենում, և վերջնական արդյունքները հայտնի կդառնան միայն մարտի 10-ին: Այսօր Իսրայելում պաշտոնական տվյալներով` կա կորոնավիրուսով 25 հիվանդ, իսկ թե քանի հազար մարդ է կարանտինում, երկրի առողջապահության նախարարությունը չի հաղորդում: Միաժամանակ արգելված են 5000-ից ավելի մարդկանց հավաքները:

Չնայած որ երկրում մարտի 2-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը գրանցվել էր կորոնավիրուսի ախտորոշման 12 դեպք, ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ` 5630 մարդ գտնվում էր կարանտինի մեջ, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 71 տոկոսը մասնակցել է ընտրություններին, այսինքն` 6 միլիոն 453 հազար 225 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել էին 4 միլիոն 579 հազար 931-ը:

Հատուկ կարանտինի մեջ գտնվող 5630 4076 հոգի կատարել էր իր քաղաքացիական պարտքը, այսինքն` 72 տոկոսը: Այս հատուկ ընտրատեղամասերը հատուկ վրաններ էին, որոնք տեղակայված էին բաց տարածքներում, հատուկ մեկուսացված էին, ու այստեղ պահպանված էին հակահամաճարակային անվտանգության բոլոր միջոցները:

Ինչպես գրում են հրեական լրատվամիջոցները, մարդիկ մինչև 2 ժամ հերթ են կանգնել կարանտինում գտնվող մյուս մարդկանց հետ միասին, որպեսզի քվեարկեին, ու շատերը, ի վիճակի չլինելով երկար սպասել, հեռացել էին: Համենայն դեպս խուճապ ընտրատեղամասերում չի եղել, քաղաքացիներն առանց խուճապի ընտրություն են կատարել` հասկանալով, որ երկրի համար սա կարևոր ու շրջադարձային փուլ է:

Ի դեպ, ուշագրավ ևս մեկ փաստ. ընտրությունների օրը ոչ աշխատանքային էր, մոտ 1,5 մլն մարդ իր օրն անցկացրել էր քաղաքից դուրս:

Քանի դեռ ընտրությունների արդյունքները դեռ չեն ներկայացվել պաշտոնապես, հիմա կուսակցություններն անդրկուլիսյան բանակցություններ են իրականացնում:

«Ազատության» հայֆայաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը նշեց, որ ընտրություն կատարողների մեծամասնությունը դիմակ չէր կրում, ինքն էլ, կատակով նշեց, առանց սխտորի ու թթի օղու էր գնացել. - «Իսկ ինչո՞ւ պիտի օրինական դիմակ կապենք, եթե ընտրությունների ճնշող մեծամասնությունը առանց դիմակ կապելու էլ դիմակի մեջ է»:

Հայ մտավորականի կարծիքով` խոսքը Ստալինին, իր համոզմամբ, «տված-անցած», 13 տարի վարչապետ եղած Բիբի Նեթանյահուի մասին էր:

Դիմակներ չունեն տանը, հատուկ միջոցներ ձեռք չեն բերել, և հայ կոմպոզիտորը մարդկանց շրջանում որևէ «փսիխոզ» չի նկատել, տանն էլ երկու շաբաթվա սննդամթերք ու պահածոներ չունեն: Ի դեպ, Իսրայելում եթե մարդը շփվել է հաստատված վարակակրի հետ, ուրեմն պարտավոր է տեղյակ պահել իշխանություններին: Այստեղ եթե մարդը, գտնվելով կարանտինի մեջ, դուրս գա փողոց, ապա նախատեսված է քրեական պատիժ 7 տարի ազատազրկմամբ: Այստեղ, սակայն, կարանտին հայտարարված չէ: Հայաստանում, որտեղ կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել, մարդիկ դիմակներ կրում են, շատերն էլ փորձում են այն ձեռք բերել: Հարցին, թե գուցե կա՞ն ուժեր, որոնք դիտավորյալ խուճապ են սերմանում ժողովրդի շրջանում, որ քաղաքացիները վախենան ապրիլի 5-ին նախատեսված «Այո»-ի հանրաքվեին մասնակցելուց, նա պատասխանեց. - «Միանգամայն համաձայն եմ, 100 տոկոսով, որ այստեղ կա քաղաքական ստոր նպատակ` վախեցնել ժողովրդին, որ չգնան ընտրություններին, «Այո» չասեն»:

XS
SM
MD
LG