Մատչելիության հղումներ

Պետական գույքը վաճառվել է 3,5 անգամ ցածր գնով. Գլխավոր դատախազություն


Պետական սեփականության գույքը 3,5 անգամ ցածր գնով վաճառվել է գնահատման և օտարման ընթացակարգերի հանցավոր խախտումներով։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հարուցվել է քրեական գործ։

Համաձայն հաղորդագրության, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016 թվականին ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքի գնահատում։ Այդ առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 2017 թվականին նշված գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատել է 28.4 մլն դրամ:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2017թ. հոկտեմբերի 3-ի հրամանով նախաձեռնվել է մրցույթով նշված գույքի օտարումը՝ նույն հրամանով նախատեսելով, որ առաջին մրցույթի ժամանակ գույքի չվաճառվելու դեպքում յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցվում է վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով: Արդյունքում գույքը քաղաքացուն վաճառվել է 2-րդ մրցույթով՝ ըստ 2018թ. փետրվարին կնքված գույքի օտարման և գրավի պայմանագրի՝ 18.5 մլն ՀՀ դրամով», - ասված է հայտարարությունում:

Հետագայում Պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է վերը նշված անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն: Արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017 թվականի հունիս ամսվա դրությամբ, այսինքն ՍՊԸ-ի կողմից գնահատման պահի դրությամբ, կարող էր կազմել ոչ թե 28.4 մլն դրամ, այլ՝ 65 մլն դրամ կամ շուրջ երկու անգամ ավելի սկզբնական գնահատված արժեքից:

Դատախազությունը հայտնում է, որ այս դեպքում, հաշվի առնելով, որ արժեքը գերազանցում է 50 մլն դրամը, ըստ ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշման՝ նշված անշարժ գույքը պետք է օտարվեր ոչ թե կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանի, այլ ՀՀ կառավարության որոշման հիման վրա։

«Այսինքն ուսումնասիրությամբ արձանագրված տվյալները վկայում են, որ թեև Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով 65 մլն դրամ իրական արժեքով գույքը ենթակա էր մասնավորեցման բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ, սակայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ի միջոցով իրականացրել են վերոնշյալ գույքի գնահատման աշխատանքներ, որի արդյունքում գույքը գնահատել է ավելի քան կրկնակի պակաս արժեքով և օտարվել 3.5 անգամ ցածր գնով», - նշված է հաղորդագրությունում։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության շրջանակներում ի հայտ են եկել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծանր հետևանքների առաջացմամբ չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG