Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետ. «Փախստականների ճգնաժամը Թուրքիայի սարքած սադրանք է»


Թուրքիայի տարածքում գտնվող հարյուրավոր փախստականներ շարժվում են դեպի Հունաստան, Էդիրնե (Ադրիանապոլիս), 4-ը մարտի, 2020թ.

Թուրքիայի տարածքում ապաստանած մեծ թվով փախստականներ փորձում են անցնել Հունաստան, սահմանին լարված վիճակ է, իրավապահներն արցունքաբեր գազ և ծուխ արձակող ռումբեր են կիրառում փախստականներին հետ մղելու համար:

Փետրվարի 28-ին Թուրքիան հայտարարել է, թե իր տարածքում գտնվող փախստականներին թույլ կտա տեղափոխվել Եվրամիություն (ԵՄ), քանի որ այլևս չի կարող այդքան փախստական պահել:

Եվրոպայում համոզված են, որ Անկարան դրանով սոսկ քաղաքական նպատակ է հետապնդում և շանտաժով Եվրոպայից աջակցություն է կորզում Սիրիայի հարցում:

Հույն պաշտոնյաների փոխանցմամբ, անցած 24 ժամում ավելի քան 1200 փախստական փորձել է ապօրինի եղանակով ներխուժել Հունաստան: Ձերբակալվել է 27 մարդ:

Թուրքիայի տարածքում Հունաստանի սահմանի մոտ հավաքված փախստականների մեծ մասն Աֆղանստանից և Պակիստանից են:

«Հունաստանն ամեն ինչ անում է օրինական միջոցով իր սահմանը պաշտպանելու համար, այս ճգնաժամը թուրքական կողմի սարքած սադրանք է, սա կապ չունի այդ մարդկանց [փախստականների] իրական խնդիրների հետ, Թուրքիան նրանց պարզապես օգտագործում է», - CNN հեռուստակայանին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միսոտակիսը:

Եվրամիությունը փախստականներին հորդորում է չներքաշվել քաղաքական խաղի մեջ և չհավատալ ԵՄ տարածքում այդ եղանակով ապաստանելու հնարավորությանը:

Եվրամիությունը խոստանում է լրացուցիչ միջոցներ հատկացնել Անկարային՝ փախստականների կարիքները հոգալու համար:

XS
SM
MD
LG