Մատչելիության հղումներ

Գյումրեցի կնոջ մահվան գործով դատական նիստը 8-րդ անգամ հետաձգվեց


Ջուլիետա Ղուկասյանի լուսանկարը, արխիվ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին՝ արդեն 8-րդ անգամ հետաձգվեց գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստը: Մեղադրյալին՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին բազայի հրամանատարությունը հրաժարվում է դատարան ներկայացնել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով անվտանգության գրավոր երաշխիքներ:

Այսօրվա դատական նիստին ո՛չ ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանն էին ներկա, ո՛չ դատախազության ներկայացուցիչը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը կարծում է, որ ռուսական կողմը զինծառայողին դատարան չներկայացնելով խոչընդոտում է արդարադատությանը, հետևաբար միջնորդեց դատարանին միջոցներ ձեռնարկել: Միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտ էր ծանոթանալ կողմերի դիրքորոշմանը։

Փաստաբան Հայկ Հակոբյանը պնդեց, որ ռուսական կողմի անվտանգության գրավոր երաշխիքի պահանջը իրավաչափ չէ:

«Որևէ իրավական ակտով սահմանված չէ քրեական գործով ամբաստանյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության երաշխիքներ ներկայացնելու պահանջ Հայաստանի Հանրապետության որևէ պետական մարմնի համար, հետևաբար նման պահանջն իրավաչափ չէ, և այդ հիմքով պայմանավորելը և ամբաստանյալին դատարան չներկայացնելը, բնականաբար, մենք համարում ենք և դա այդպես է, որ չի կարող դիտվել որպես օրինական պահանջ և չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի իրենք ամբաստանյալին դատարան չներկայացնեն», - ասաց փաստաբանը։

Տուժողի իրավահաջորդի փաստաբանական խումբը դիմել է նաև Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։ Այժմ սպասում են դատախազության պատասխանին՝ քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ:

«Ռազմաբազայի գործողությունները՝ ամբաստանյալին դատարան չներկայացնելու փաստացի խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, որովհետև ռազմաբազան փաստացի չի կատարում դատարանի օրինական պահանջը և չի ներկայացնում դատարանին, իսկ դա պայմանավորելը անվտանգության երաշխիքներ չներկայացնելով Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից, իրավաչափ չէ, որովհետև որևէ իրավական ակտով նման բան մենք սահմանված չունենք։ Այս ամենն իրենց համակցության մեջ պետք է քրեաիրավական գնահատականը ստանան, այս պահանջով մենք դիմել ենք Գլխավոր դատախազությունը», - նշեց Հակոբյանը։

Հնարավոր է, որ ռուսական կողմը այդպես էլ դատարան չներկայացնի ամբաստանյալին և դատական նիստը տեղափոխվի բազա: Այնտեղ ընթացավ, օրինակ, մի քանի տարի առաջ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը։

«Մեր դիրքորոշումը և պնդումը հստակ է, որ այս գործով դատական նիստերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության դատական ատյանում, տվյալ դեպքում Շիրակի մարզի իրավասության դատարանում», - ընդգծեց Հակոբյանը։

Դատական նախորդ նիստին էլ փաստաբաններից Արայիկ Զալյանն էր միջնորդել բերման ենթարկել ամբաստանյալին, սակայն, թե ինչպես է դա հնարավոր իրականացնել, մեխանիզմ չկա: Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, գործը հասնի բերման ենթարկելուն, ո՞վ է իրավասու մտնել ռուսական ռազմաբազա:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը նման կարգ չի նախատեսում, բայց ամեն դեպքում մեր դիրքորոշումը մնացել է նույնը և մնում է նույնը», - ասաց փաստաբանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ռուսական կողմը ի՞նչ գրավոր երաշխիքներ է ուզում, ասաց, որ հարցը քննարկվում է:

«Խնդիրը ես համոզված եմ, որ շուտով լուծում է ստանալու, բարձրացված բոլոր հարցերին էլ պատասխան կտան։ Որոշակի խնդիրներ կան, որոնք դեռ լուծում չեն ստացել, բայց համոզված եմ՝ շուտով կստանան», - նշեց Գրիգորյանը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին:

Ի դեպ, ռուսական ռազմաբազան դատարան գրություն էր ուղարկել, թե ինչու դատարան չի ներկայացրել Ռազգիլդեևին՝ կրկին նշելով, որ չեն ստացել անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ:

XS
SM
MD
LG