Մատչելիության հղումներ

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին․ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ


Ջուլիետա Ղուկասյանի լուսանկարը

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին տուժողի իրավահաջորդին՝ դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Դեկտեմբերի 2-ին մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել: Նրա ներկայացուցիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Արայիկ Զալյանը:

Փաստաբանները «Ազատությանը» փոխանցեցին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1995 թվականի ծնված Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս հոդվածը նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում:

Գլխավոր դատախազությունը օրեր շարունակ չէր հայտնում կալանավորված զինծառայողի անունը, նաև՝ թե որտեղ է պահվում նա: Ըստ որոշ աղբյուրների, կալանավորված զինծառայողը այժմ գտնվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում:

Զինծառայողը ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ին՝ դեպքից միայն 8 օր անց: Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG