Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությունը քննարկել են Սահմանադրությունում փոփոխությունների գործընթացը


Լուսաանկարը՝ ՍԴ պաշտոնական կայքէջից
Լուսաանկարը՝ ՍԴ պաշտոնական կայքէջից

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։

Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, վերջին ժամանակաշրջանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։

Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրությունում փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում Սահմանադրական դատարանի մասնակցության սահմանադրական կարգավորումներին, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

XS
SM
MD
LG