Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը դատարաններում քննվող գործերի անհարկի ձգձգումների խնդրով դիմել է ԲԴԽ-ին


Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում քննվող քրեական գործերի տևականության խնդիրը, հայտնում են դատախազությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում դատավորների վարույթում գտնվող գործերի քննությունը չի համապատասխանում ողջամիտ ժամկետներում դատաքննության այն չափանիշներին, որոնք սահմանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ առանձին դեպքերում տևական ժամանակ դատարանում գործերի քննության պայմաններում լրանում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, ինչն առաջացնում է դատավարության մասնակիցների արդարացի դժգոհությունը։

Դատախազության փոխանցմամբ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել նման ձգձգվող գործերը, միջոցներ ձեռնարկել դատարանների վարույթում քննվող քրեական գործերով դրանց քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ և ձեռնարկված միջոցների մասին հայտնել։

Արթուր Դավթյանը նաև դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ապահովել, որպեսզի բացառվի առանց ծայրահեղ և հարգելի անհրաժեշտության՝ դատարաններում մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG