Ռուսական մի շարք աղբյուրներ, մասնավորապես РБК-ն, «Ինտերֆաքսն», այսօր հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ստորագրել Սահմանադրության մեջ փոփոխությունների մասին օրենքը մարտի 18-ին՝ Ղրիմը Ռուսաստանի հետ միավորվելու օրը, որը խորհրդանշական օր է ժամանակակից Ռուսաստանի և Կրեմլի համար։
Սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կանցկացվի ապրիլի 22-ին՝ Սովետական Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի ծննդյան օրը: Եկող շաբաթ սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունելու են Պետդուման և Դաշնային խորհուրդը, այնուհետև նախագիծը քննարկվելու է տարածաշրջանային օրենսդրական ժողովներում: Ռուսաստանյան Սահմանադրության համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, եթե հաստատվեն մարզերի առնվազն երկու երրորդ մարմինների կողմից, բայց որ փոփոխությունները գրեթե միաձայն կընդունվեն բոլոր օրենսդրական մարմիններում, կասկածից վեր է։
Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինն առաջարկել էր փոփոխել Սահմանադրությունը հունվարի 15-ին Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ: Ռուսաստանի նախագահը Պետդումայի քննարկմանը ներկայացրեց համապատասխան օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց հունվարի 23-ին միաձայն, շատ արաց ստեղծվեց աշխատանքային խումբ, և փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է:
Մարտի 2-ին Պուտինն առաջարկեց նոր փոփոխություններ երկրորդ ընթերցման համար, մասնավորապես Սահմանադրությունում լինելու է հղում Աստծուն, ամուսնությունը սահմանվում է որպես տղամարդու և կնոջ միություն, իսկ ռուսերենը նշված է որպես «պետականաստեղծ ժողովրդի» լեզու: Ի դեպ, այս վերջին փոփոխությանը դեմ են արտահայտվել ռուսաստանցի մահմեդականները, կողմ՝ Ռուսաստանում հայերի միությունը։ Իսկ Աստծո մասին հիշատակումը բազմաթիվ կատակների առիթ է դարձել համացանցում։
«Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորիյ Յավլինսկին ահազանգում է, որ Պուտինի առաջարկած փոփոխություններն ըստ էության փոխում են Ռուսաստանի պետական համակարգը: Յավլինսկին մասնավորապես ասում է. - «Ներկայիս Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական սոցիալական պետության փոխարեն՝ Պուտինն ապօրինի կերպով պարտադրում է մաֆիայի տիպի փակ, բյուրոկրատական կորպորատիվ պետության մոդել՝ դատարկախոս հայրենասիրության գաղափարախոսությամբ: Նման համակարգը կառավարվում է վախի և կոռուպցիայի միջոցով: Չկան արդար ընտրություններ, չկա անկախ դատարան, չկա օրենքի գերակայություն և արդարություն: Պուտինը ճանապարհ է հարթում Ռուսաստանում տոտալիտար պետության ստեղծման համար: Սա կոչվելու է պուտինյան Սահմանադրություն, և այս հանրաքվեն ճանապարհ է բացում Պուտինի համար ցանկացած գործողության։ Սա սոսկ սահմանադրական հանրաքվե չի լինելու, սա Պուտինի վստահության հանրաքվե է, արդեն հայտնի է արդյունքը՝ 78 տոկոս, այս հանրաքվեից հետո Պուտինը կարող է անել ցանկացած բան՝ հենց հանրաքվեին հղում անելով:
Այսօրվա գոնե դե յուրե ժողովրդավարական Սահմանադրություն ունեցող պետության փոխարեն՝ Պուտինը ստեղծում է հանրաքվեներով կառավարվող պետություն կամ այլ կերպ ասած՝ «վոժդի» կողմից կառավարվող պետություն»: