Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը պնդում է՝ «ՁորաՀԷԿ»-ի օտարման գործով վատնում թույլ չի տվել


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, 3 մարտի, 2020թ.

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իրավապահները որպես կասկածյալ ներգրավել են դեռ անցյալ տարվանից քննվող «Ձորագետ» հիդրոէլեկտրակայանի սեփականաշնորհման գործում։ Այդ ՀԷԿ-ն օտարվել էր 2010 թվականին: Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր՝ ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում թույլ տալու մեջ։

«2002 թվականին այն փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010 թվականին օտարվել է: Բնականաբար, ես և Պաշտպանության նախարարությունն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ», - ասաց Սեյրան Օհանյանը:

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ 2010 թվականին Սեյրան Օհանյանի ղեկավարած նախարարության մշակած՝ կառավարության գաղտնի որոշմամբ, առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել, որ ՊՆ-ն իր կազմում գտնվող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 3 միլիարդ 600 միլիոն դրամով կամ մոտ 7.5 միլիոն դոլարով օտարի «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին։

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով էլ արժանացել է կառավարության հավանությանը, ապա տեղի է ունեցել ՀԷԿ-ի առքուվաճառքը։ Ըստ ՀՔԾ-ի՝ հիդրոէլեկտրակայանն իրացվել է իրական արժեքից մոտ 3 միլիոն դոլարով պակաս գումարով։ Սեյրան Օհանյանը, մինչդեռ, այսօր վստահեցրեց՝ իր ղեկավարած կառույցը պատասխանատվություն չի կրում. - «Կառավարության որոշմամբ փոխանցվել է և կառավարության որոշմամբ օտարվել է, իսկ կառավարության որոշումները գիտեք, որ անցնում են միջգերատեսչական համաձայնություն և պետության, գործադիրի կարևոր բոլոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են: Օտարման հիմնական գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետև մասնագիտական առումով «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքի արդյունավետությունը, նրա վիճակը, նրա դերը մեր Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում և նրա զարգացման ընթացքը, օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը»:

Սեյրան Օհանյանն այս գործով դեռ չի հարցաքննվել։ Լրագրողների հետ զրույցում, սակայն, ավելացրեց, թե անգամ գնող կողմի հետ է բանակցությունները վարել Էներգետիկայի նախարարությունը, իսկ կառավարությունը տվել է այդ ամենին իր համաձայնությունը. - «Իրենք գիտեն՝ գնորդ կողմին քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել, փորձագիտական ինչ խմբեր, բոլոր այդ գնորդ կողմի կազմակերպության ղեկավարներն են համապատասխան բանակցություններ տարել Էներգետիկայի նախարարության հետ: Անուններ ես չգիտեմ»:

«Ազատության» հարցին՝ Միքայել Մինասյանի՞ն է օտարվել, նա պատասխանեց. - «Ոչ, ես Միքայել Մինասյան անուն այնտեղ չգիտեմ, չեմ տեսել»:

Նախկին պաշտպանության նախարարի պնդումներին, թե «Ձորագետն» օտարելու գործարքի ճարտապետներին այլ տեղ է պետք փնտրել, Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնում են, որ չեն ցանկանում արձագանքել։

Դեռ անցյալ տարի գարնանն այս ՀԷԿ-ի օտարման մասին դատախազությունը հայտնեց, որ այն 2006-2010 թվականներին պաշտպանական համակարգին ավելի քան 2,5 միլիոն դոլարի շահույթ էր ապահովել, սակայն 2009-ին ՀԷԿ-ի թողարկած էլեկտրաէներգիայի միավորի սակագինը 13,9 դրամից իջեցվել է 2,7 դրամի, որպեսզի «ստեղծվեր հիմնավորում առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր գնով վաճառելու համար»։ Մեկ տարի անց՝ արդեն 2010-ին, «ՁորաՀԷԿ»-ն օտարվել է, ապա նորից սկսել է շահույթ բերել նոր սեփականատիրոջը:

2019 թվականի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, թե ՀԷԿ-ի սեփականատերերը փոխկապակցված էին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

«Իզուր են նաև իրենք ձև անում, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը», - ասել է վարչապետը:

Պետական Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ 2016 թվականին ՀԷԿ-ը վաճառվել է և այժմ պատկանում է «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ին, որը, ըստ Fip.am-ի, պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր կապիտալ»-ին, իսկ օտարումից անմիջապես հետո` 2010-11 թվականներին, ՀԷԿ-ը տնօրինել են Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերություներ։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ մարզում շատերը գիտեին, թե ինչպես էր տեղի ունեցել դեռ 1930-ականերին կառուցված շահութաբեր այդ ՀԷԿ-ի օտարումը. - «Երբ որ ես նոր էի նշանակվել մարզպետ, ինձ մի քանի քաղաքացիներ նույնիսկ փաստաթղթեր են որոշակի տրամադրել «ՁորաՀԷԿ»-ի հետ կապված, ասել են, որ մենք գիտենք այս պատմությունը, մենք ունենք ինֆորմացիա, որ ինչ է կատարվել և այլն: Ես այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ դատախազություն»:

XS
SM
MD
LG