Թուրքիան հայտարարել է, որ անցած 24 ժամում ոչնչացրել է Սիրիայի բանակի 327 զինծառայողներ: Այդ մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է կառույցի պաշտոնական կայքէջի Թվիթերում տեղադրած գրառմամբ:
«Անցած 24 ժամում ոչնչացվել է մեկ օդանավ, մեկ անօդաչու թռչող սարք, 6 հրասայլ, 5 հաուբից, հակաօդային պաշտպանության 2 կայանք, 5 զինված փոքր բեռնատար, 6 զինվորական մեքենա, զինամթերքի պահեստ և Դամասկոսի ռեժիմի 327 զինծառայող», - հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Երեկ Անկարան պնդել է, թե փետրվարից իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է նախագահ Բաշար ալ-Ասադի 2 հազար 557 զինված աջակից և զինծայող: Պաշտոնական Դամասկոսը չի մեկնաբանել այդ հաղորդագրությունը:
Անկարան փետրվարի 28-ին է նախաձեռնել ակտիվ ռազմական գործողությունները: Թուրքիան այդպես արձագանքել է Սիրիայի ուժերի հասցրած հարվածին, որի հետևանքով զոհվել է 36 թուրք զինծառայող:
Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացրել է արդեն երեք ռազմական գործողություն՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»:
Անկարան պնդում է, թե նպատակը Սիրիայի հյուսիսից ահաբեկիչների վտարումն է, թուրքերի դաշնակիցներն այդ շրջանում պայքարում են Ասադի բանակի դեմ: Ռուսաստանը Սիրիայի քաղաքացիական պատերազմում սատարում է Ասադին:
Մարտի 5-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որի օրակարգում Սիրիայի խնդիրն է: