Առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018թթ. զբաղեցնելով նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում:
Համաձայն ՀՔԾ-ի՝ նախորդ փետրվարին Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ԱՆ-ն մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև:
Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: