Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը մշակման փուլում է


Հայաստանի տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը մշակման փուլում է, Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով, այն հասարակության դատին կներկայացնեն մինչև հունիս ամիսը։ Նա նշեց՝ այդտեղ հստակ, թիրախային ցուցանիշներ են լինելու։

«Համաձայն եմ, որ եթե չգիտես՝ դեպի ուր ես շարժվում, կույր-կույր շարժվելով կարող է մեծ խնդիրներ առաջացնես։ Այդ առումով այդ խնդիրը շուտով նույնպես կլուծվի ու դուք դրա ականատեսը կլինեք», - ասաց Թունյանը։

2019 թվականը Հայաստանն ավարտեց 7,6 տոկոս տնտեսական աճով, մարդիկ փոփոխություն զգու՞մ են, թե՞ ոչ։

«Սուբյեկտիվ հարց է, որին հիմա ես մի բան կարող եմ պատասխանել, մեկ ուրիշը՝ մեկ այլ բան, երևի մեջներից լավագույն ինդիկատորներից մեկը աղքատության մակարդակն է, որ, օրինակ, 2018 թվականին նվազել էր, եթե չեմ սխալվում, 2,3 տոկոսային կետով, 2019 թվականի արդյունքները դեռ չկան, համոզված եմ, որ ավելի շատ նվազած կլինի, 2020 թվականին նույնպես, որովհետև կան բաներ, որոնք այս տարվանից ուժի մեջ են մտնում», - պատասխանեց Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։

Թունյանն ընդգծում է՝ թեև 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով 4,9 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում, ամեն ինչ պետք է անեն, որ ցուցանիշն ավելի բարձր լինի։ «Պետք է նկատի ունենալ, որ ինչքան նախորդ տարի քո բազային ցուցանիշը ավելի բարձր է եղել, այնքան ավելի դժվարանում է այդ աճի վրա աճ ապահովելը», - նշեց Բաբկեն Թունյանը։

Տնտեսագետները սովորաբար միջնաժամկետ ու երկարաժամկետ ցուցանիշներ են դիտարկում, որ, օրինակ, 5-10 տարում միջինը 5-6 տոկոս աճ պետք է լինի, ասում է Թունյանը։

Դաշնակցական, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել և որ տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններ այս պահին չկան։ Ըստ Մինասյանի, տնտեսական քաղաքականությունում գաղափարախոսություն չկա, և դա վերաբերում է նաև նախկին իշխանություններին։ Նախկին նախարարի խոսքով՝ այս ամենի հիմքը ներդրումային քաղաքականությունն է, Մինասյանն ասում է՝ կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վնասում են միջավայրին։

«Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման օրենսդրական նախաձեռնությունն է, անցումային արդարադատություն կոչված ամենատարբեր ուղղվածության գործիքներն են, նախաձեռնություններն են, որ բարձրաձայնում են և շուտով գալու է օրակարգ և նույնիսկ այս հանրաքվեն, սրանք բոլորը վնասում են ներդրումային միջավայրին։ Միջազգային չափորոշիչներին համապատասխան, սրանք համարվում են ներդրումային միջավայրը բացասական բնութագրող երևույթներ», - նշեց էկոնոմիկայի նախկին նախարարը։

Մինասյանի պնդմամբ՝ տնտեսական քաղաքականության մասին կառավարության անդամների խոսքերը «Նյու Վասյուկին» են հիշեցնում։

Իհարկե, երևի թե սա բնորոշ են բոլոր կառավարություններին, բայց հիմա էս ներկա կառավարությունը ոնց որ թե ավելի շատ է պոպուլիզմը կարևորում, արժևորում, իսկ սա տնտեսության համար լավ բան չէ, ինքը բացասական բան է, անընդհատ չի կարելի խոսել մի բանի մասին, որ հլը ես արել», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Տնտեսական թեմայով քննարկմանը մասնակցում էր նաև Կենտրոնական բանկը 1994-98 թվականներին ղեկավարած Բագրատ Ասատրյանը, նրա գնահատմամբ, անցած 2019 թվականը տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն էր։

«Իմ խորին համոզմամբ անցած տարվա զարգացումների մեջ և մասնավորապես տնտեսական աճի ու զարգացումների մեջ մեծ բեռը, մեծ մասնաբաժինը ունի հասարակությունը, հասրակական սպասումները։ Եկեք պարզ խոսենք՝ համակարգային փոփոխությունները անցած տարի 1-2, բացի քաղաքական դիրքորոշումներից, բացի անգամ կոռուպցիա և այլն այս խնդիրներում բայցի խոստումներից ինստիտուցիոնալ տեղաշարժեր դեռ մեզանում չկա», - ասաց Ասատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG