Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք:

Համաձայն հաղորդագրության, փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնատար անձը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, քաղաքապետարանի կարիքների համար տարբեր ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու և քաղաքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հիշյալ կազմակերպությանը վստահված միջոցներից փոխանցել է գումարներ, որոնք ուղղվել են տարբեր տնտեսվարող սուբյեկտներին, որից հետո կազմվել են ապրանքների մատակարարման և աշխատանքների ընդունման-հանձնման կեղծ պաշտոնական փաստաթղթեր, իսկ փոխանցված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները՝ հափշտակվել։

ԱԱԾ հաղորդագրությունում ասվում է, որ բացի այդ, վերոհիշյալ տնօրենը ծառայության շահերին հակառակ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իրականում աշխատանքի չհաճախող 7 քաղաքացիների, թույլատրել է նրանց անվամբ 2014-2020 թվականների ընթացքում որպես աշխատավարձ դուրս գրել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ դրանով իսկ վատնելով դրանք։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:

Հայտարարությունում ասվում է՝ պարզվել է, որ յուրացվել և վատնվել է նախնական տվյալներով ընդհանուր 17,6 միլիոն դրամ գումար:

«Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG