Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պնդում է՝ աշխատավարձերի բարձրացումը «եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու»


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյան, արխիվ

Աշխատավարձի բարձրացումը Հայաստանում եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու, պնդում է «Ժառանգություն» կուսակցությունը։

«Ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետևյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս», - ասված է կուսակցության այսօրվա հայտարարությունում։ - «Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի բարձրացումների, անհասկանալի պարգևավճարների տարափի մասին և այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջև տարբերությունը յոթնապատիկն է, իսկ զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է»:

«Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 հազար 488 դրամ կամ մոտ 31 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ և պարգևավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել: Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ և արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու և լավ աշխատելու երաշխիք», - նշում է «Ժառանգություն»-ը՝ շեշտելով, որ «ընտրված այս ճանապարհը սխալ է և անընդունելի»:

Համոզմունք հայտնելով, որ «անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, և հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կայացմանը», կուսակցությունը կոչ է անում առաջ գնալ «ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG