Մատչելիության հղումներ

Տոնոյանն իր վրացի գործընկերոջ հետ ստորագրել է ռազմական համագործակցության ծրագիրը


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պաշտպանության նախարարությունում հանդիպեց վրացի գործընկերոջը. Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանում է երկօրյա այցով։

Հանդիպումից անմիջապես հետո երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ։ Տոնոյանն ու Ղարիաբաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունները, պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

«Ցանականում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ գործընկերոջը Հարավկովկասյան տարածաշրջանում առաջին պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն», - ասաց Տոնոյանը: Նա տեղեկացրեց՝ Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ստորագրել են հայ-վրացական ռազմական համագործակցության 2020 թվականի ծրագիրը։

«Ընդգրկում է ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնել՝ դեռևս չներառելով մեր երկկողմանի ծրագրում», - մանրամասնեց նա:

Նախարարը հայտարարեց, թե Հայաստանն ու Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ ապագայում ավելի անվտանգ և ավելի բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ասաց՝ մեծ պատիվ է այցելել Հայաստան, որի հետ իր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի արդեն հարյուրամյակներ շարունակ։ Վրացի պաշտոնյան հանդիպումը հետաքրքիր որակեց։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ձևաչափով Noble Partner բազմամզգ վարժանքին, որը տեղի է ունենալու Վրաստանում։ Եվ ես հույս ունեմ, որ հայկական կողմը կշարունակի ակտիվորեն ներգրավվել ապագայում նման զորավարժություններին», - ասաց նա։

Ավելի ուշ էլ Վրաստանի պաշտպանության նախարարին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց։ Վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Ըստ նրա՝ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է: Փաշինյանը կարևոր է համարել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը: Իրակլի Ղարիբաշվիլին էլ նշել է, որ ուրախ է կրկին այցելել բարեկամ Հայաստան, որի հետ Վրաստանը սերտ բարեկամական հարաբերություններ և ամուր գործընկերություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG