Մատչելիության հղումներ

Պուտինը վստահեցնում է՝ նմանակ չունի և չի ունեցել, թեև առաջարկել են


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Այսօր ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հրապարակել է Ռուսաստանի նախագահի հետ նոր ձևաչափով հարցազրույցի հերթական՝ հինգերորդ մասը։ Այստեղ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, թե երբ նախագահի պաշտոնը նոր էր ստանձնել, և Ռուսաստանը հաճախ էր ենթարկվում ահաբեկչական գրոհների, իրեն առաջարկել են անվտանգության նկատառումներից ելնելով նմանակ օգտագործել, սակայն հրաժարվել է.

«Դուք իրակա՞ն Պուտինն եք»։ - «Այո»։ - «Նմանակ չունե՞ք»։ - «Ոչ»։ - «Երբեք նման միտք չի՞ ծագել»։ - «Ժամանակին ինձ նման բան առաջարկել են՝ հրաժարվել եմ»։

Պուտինին առաջին անգամը չէ, որ նման հարց են տալիս։ 2001 թվականին նրան այս մասին հարցրել էր Կոստրոմայի շրջանի բնակիչներից մեկը։ Ռուսաստանի նախագահն արձագանքել էր, որ ինքը նմանակ չունի, և այդ մասին տարածվող տեղեկությունը հեքիաթ է։

Պուտինին նմանակի մասին հարցրել են նաև 2015-ին՝ մամուլի ասուլիսից հետո։ Լրագրողներից մեկը Ռուսաստանի նախագահին ցույց էր տվել նրան նման անձի հետ լուսանկար, Պուտինն ասել էր, թե ինքը նմանակ չունի, և դա իրեն պետք չէ։

Այս նույն հարցազրույցում Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ սմարթֆոններից չի օգտվում։ «Ինձ ավելի հարմար է հատուկ կապի հեռախոսը՝ ցանկացած մարդու հետ ինձ միանգամից կապում են», - նշել է նա։

Ռուսաստանցիները համացանցում քննարկում են Պուտինի այս հայտարարությունները և կատակում, մասնավորապես գրում են, թե նմանակ չի պահում, քանի որ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» հայտնի սովետական ֆիլմից հետո վախենում է։

Ռուսաստանցի անկախ դիտորդները համոզված են՝ ՏԱՍՍ գործակալության հատուկ ձևաչափով այս հարցազրույցը խմբագրվել է Կրեմլում։

XS
SM
MD
LG