Մատչելիության հղումներ

Այսօր Բորիս Նեմցովի սպանության 5-րդ տարելիցն է


Բորիս Նեմցով
Բորիս Նեմցով

Այսօր լրանում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հինգերորդ տարին։ Ակցիա կանցկացվի Մոսկվայում Նեմցովի սպանության վայրում:

Պրահայում տեղի կունենա Ռուսաստանի դեսպանատան դիմաց գտնվող հրապարակը Նեմցովի անվամբ անվանափոխելու արարողությունը:

Շաբաթ օրը Մոսկվայում տեղի կունենա հիշատակի երթ:

«Յաբլոկո» կուսակցությունը դժգոհում է, որ Մոսկվայում SMS հաղորդագրությունների պրովայդեր Terasms ընկերությունն արգելափակել է երթի ծանուցումը, քանի որ տեքստում նշվել է «Ո՛չ Պուտինի սահմանադրական փոփոխություններին» կարգախոսը:

Սանկտ Պետերբուրգում հիշատակի երթն առհասարակ արգելվել է:

2015 թվականի փետրվարի 27-ին երեկոյան տեղական ժամանակով 11։30-ի սահմաններում Նեմցովին դարանակալել և գնդակահարել են Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին:

2017-ին Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Նեմցովի սպանության համար մեղավոր է ճանաչել և 11-ից մինչև 20 տարվա ազատազրկման է դատապարտել հանցագործության բուն կատարողներ Զաուր Դադաևին, եղբայրներ Անզոր և Շադիդ Գուբաշևին, Տեմիրլան Էսկերխանովին և Խամզատ Բախաևին: Նրանք պատիժը կրում են խիստ ռեժիմի գաղութում:

Նեմցովի աջակիցները, այդուհանդերձ, պնդում են, որ դատարանը չի բացահայտել և պատասխանատվության չի ենթարկել քաղաքական սպանությունը պատվիրած անձին կամ անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG