Մատչելիության հղումներ

Հրապարակվեց Նեմցովի սպանության գործով դատավճիռը, երկու կողմն էլ գոհ չէ, մտադիր են բողոքարկել


Բորիս Նեմցովի նկարը՝ ցուցարարների պաստառների վրա, արխիվ
Բորիս Նեմցովի նկարը՝ ցուցարարների պաստառների վրա, արխիվ

Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբանները հանցագործությունը բացահայտված չեն համարում։ Նրանց կարծիքով, դատապարտվել են միայն սպանությունն իրագործողները, մինչդեռ իրական կազմակերպիչների անունները դատարանում չեն հնչել։

Մոսկվայի մարզային զինվորական դատարանն այսօր հրապարակեց ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով դատավճիռը։ Հիմնական մեղադրյալ Զաուր Դադաևը դատապարտվեց 20, մյուսները 11-ից 19 տարվա ազատազրկման: Հիշեցնենք՝ նախօրեին մեղադրող կողմը Դադաևի համար դատարանից ցմահ ազատազրկման պատժաչափ էր պահանջել:

Դատավարությունը տևեց շուրջ 10 ամիս, որի ընթացքում այդպես էլ հասկանալի չդարձավ Նեմցովի սպանութան դրդապատճառը։ Դատապարտվածների փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը՝ հասնելով ընդհուպ մինչև Եվրոպական դատարան։ Դադաևի համար ցմահ ազատազրկում պահանջած դատախազ Մարիա Սեմենենկոն ևս մտադիր է բողոքարկել վճիռը: Այս գործով անցնող բոլոր 5 ամբաստյալներն ազգությամբ չեչեններ և ինգուշներ են։

Գործի նյութերով՝ չեչենական «Հյուսիս» գումարտակի զինծառայող Զաուր Դադաևն անձամբ 6 անգամ կրակել է Նեմցովի վրա։ Սպանությունն իրականացնելիս նրան օգնել են Անզոր և Շադիդ Գուբաշևները, ինչպես նաև Թեմիրլան և Խամզատ Բախաևները։ Նրանց ևս այսօր դատապարտել են հանցավոր խմբի կազմում սպանություն իրագործելու մեղադրանքով: Վերջիններս, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչել։ «Մենք այդ մարդուն չենք սպանել»,- դատարանում ասել է Դադաևը: Մյուս ամբաստանյալներից Անզոր Գուբաշևն էլ դատավճիռը լսելուց հետո դատախազին ասել է՝ «Ալահը ձեզ բոլորիդ կպատժի»։

Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբանները հանցագործությունը բացահայտված չեն համարում։ Նրանց կարծիքով՝ դատապարտվել են միայն սպանությունն իրագործողները, մինչդեռ իրական կազմակերպիչների անունները դատարանում չեն հնչել։ Ըստ քննիչների, Նեմցովի սպանության համար դատապարտվածներին խոստացվել է 15 միլիոն ռուբլի, սա համարժեք է մոտ 250 հազար ամերիկյան դոլարին: Պաշտոնապես համարվում է, որ հանցագործության կազմակերպիչը չեչենական «Հյուսիս» գումարտակի հրամանատար Ռուսլան Մուխուդդինովն է: Վերջինիս այդպես էլ չեն ձերբակալել, այժմ նա հետախուզման մեջ է: Իսկ թե ով է սպանության պատվիրատուն, քննիչներն այդ հարցին պատասխանում են, թե «չգիտեն»:

Նեմցովի ընտանիքի փաստաբանները համզված են, որ սպանության հետ կապ ունի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: «Այս սպանության հետքերը տանում են դեպի Գրոզնի, գուցե՝ ավելի բարձր։ Այսօրվա դատավճիռը սա հաստատել է։ Եվ այս առումով՝ մեզ համար դատվարությունը չի ավարտվել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,-հայտարարել է Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի փաստաբան Վադիմ Պրոխորովը։

Ընդդիմադիր առաջնորդ, Պուտինի կոշտ քննադատ, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդը համարվող Բորիս Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում, Կրեմլի անմիջական հարևանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG