Մատչելիության հղումներ

«Ընդեղ սադրիչներ չեն եղել, որ ինքը իրան թույլ տար կիրառել». Լևոն Երանոսյանի գործով տուժող


Լևոն Երանոսյանի գործով տուժող Զավեն Գրիգորյան
Լևոն Երանոսյանի գործով տուժող Զավեն Գրիգորյան

«Ձեռներս բաց գնում էինք՝ անեինք բաց ձեռքերի հեղափոխություն». - Զավեն Գրիգորյանն ասում է՝ հեղափոխության օրերին Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նետած հատուկ միջոցից է տուժել։ Ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում հենց նրա ոտքերի տակ է պայթել լուսաձայնային նռնակը։

Մեկ տարի անշարժ պառկելուց հետո այսօր դեռ դժվարությամբ է քայլում։ Գործով տուժող է ճանաչվել, բայց դատական նիստերին հետևում է էկրանից։

«Ընդեղ սադրիչներ չեն եղել, որ ինքը իրան թույլ տար կիրառեր, մեկ, ինչ-որ խոսում է ինքը, ստում է, որովհետև ինքը նախկին ռեժիմի հավատարիմ կցորդ է», - ասաց Գրիգորյանը՝ նշելով. «Բուժմանս հետևանքով նյարդերս թույլ են, նախընտրում եմ, որ իմ փաստաբանը գնա, որովհետև ես էս ստերին չեմ կարողանա դիմանալ, պետք է արձագանք տամ, դա էլ սխալ է։ Պետք է ինքը խաղաղ, հանգիստ դատվի, անպայման պետք է դատվի, որովհետև իրա ձեռքերի մեջ շատ արյուն կա»։

Մինչև հեղափոխությունը, մասնագիտությամբ շինարար Զավենն աշխատել ու ապրել է Թբիլիսիում՝ զբաղվել է հին շենքերի ռեստավրացիայով։ 2016-ին՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ սերբ կնոջ հետ վերադարձել է Հայաստան, ասում է՝ եկել էին բաց ձեռքերով պայքարին մասնակցելու։ Լեյկեմիա հիվանդություն ունի, վերջին քիմեոթերապիայից հետո թեև ջերմություն է ունեցել, բայց դա չի խանգարել, որ ապրիլի 16-ին գնա Բաղրամյան պողոտա՝ մասնակցելու հեղափոխությանը։

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանում հայտարարել է, թե ապրիլի 16-ին ոստիկանները Բաղրամյան պողոտայում որպես հոգեբանական ներգործության միջոց Հայաստանի օրհներգն են երգել, մահակներով հարվածել վահաններին, բայց ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հրել են դեպի ոստիկանական շղթան, և հատուկ միջոցը կիրառվել է «Նիվա»-ն հրելուց հետո։

Դատական նիստերին տնից հետևող Զավենը հակադարձում է. «Խաղաղ, ժողովուրդ էինք, որ գնում էինք մեր իրավունքները պաշտպանեինք, մեր ընտրյալին ուղարկեինք աշխատանքի, որ ինքը գնար հասցներ մեր ուզածը խորհրդարան։ Անունն էլ չեմ ուզում տամ, քայլում էր հետևի մասում վահանների տակ պաշտպանված, գալիս էր ու ոնց որ ընտրում էր՝ որտեղ պետք է գցեր, որ գլուխս բարձրացրի տեսա, որ շատ սառնասրտորեն չեկան քաշեց նռնակի վրայից, շատ սառնասրտորեն գցեց, ընկավ մեքենայի գլխին, գլորվեց, եկավ կապոտի հատված, ինչ-որ մեկը բրդեց ձեռքով, որովհետև Աստված ոչ անի, որ դա մեքենայի վրա պայթեր, օդ թռա, ընկա գետին»։

Զավենը պատմում է՝ արդեն հաղթահարել էր լեյկեմիան, բայց լուսաձայնային նռնակի ոտքերի տակ ընկնելուց հետո ոտքը բառի բուն իմաստով շարքից դուրս էր եկել՝ ցրիվ եկել։ Երկու անգամ ոտքի վիրահատությունից հետո պարզել է, որ այլևս չի կարող իր շինարարական աշխատանքով զբաղվել, Թբիլիսի չի վերադարձել։ Պատմեց՝ այսօր երիկամների լուրջ խնդիր ունի՝ մասամբ են գործում, կրկնվել է լեյկեմիան։

«Իրա արարքը հանդիսացավ պրովոկացիա, որ հին հիվանդությունս գլուխ բարձրացնի, և դրան գումարած` մեկ տարի անշարժ, ցավազրկողների վրա և երիկամիս տրոմբոզի բերեց», - ասաց Զավեն Գրիգորյանը։

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանն այսօր դատարանի առջև է կանգնել՝ հեղափոխության օրերին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորյալ այնպիսի գործողությունների համար, որոնք դուրս են եղել նրա լիազորություններից։

Զավեն Գրիգորյանը շարունակելու է նիստերին չգնալ, բայց հանրաքվեին անպայման մասնակցելու է։

«Կերտելու ենք, սարքելու ենք մեր պետությունը, հետադարձ ճանապարհ չունենք, պիտի սարքենք ու կայացնենք մեր պետությունը մեր նորընտիր վարչապետի և կառավարության հետ», - նշեց նա։

XS
SM
MD
LG